Ազգային ժողովը քննարկում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Գործող օրենսդրությամբ ռազմական դրությամբ և պատերազմական գործողություններով պայմանավորված՝ պարտատերերի կողմից պարտապանի պարտավորությունները ներելու դեպքում կատարողական ծախսերը չգանձվելու իրավական հիմք սահմանված չէ:
Դա է պատճառը, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում ցանկանում ենք լրացում կատարել, որի նպատակն է այն, որ որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքեր սահմանենք:
Նախագծով առաջարկվում է կարգավորում առ այն, որ մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձին, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ կատարողական վարույթները, որոնք հարուցվել են մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձել»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը: