ԱԺ-ն քննարկում է ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Օրինագծով առաջարկվում է մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիների անձնագրերը տրամադրել նրանց մինչև 19 տարին լրանալը՝ գործող 18 տարեկանի փոխարեն, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամանակահատվածից բացի՝ նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված բժշկական փորձաքննության ժամկետով:
«Օրինագծով նաև առաջարկվում է պաշտպանության նախարարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին նաև ավելի երկար ժամկետով անձնագիր տրամադրելու հնարավորություն նախատեսել այլ բացառիկ դեպքերում, այն է՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Ֆիդանյանի խոսքով՝ մյուս փոփոխության նպատակն է հին նմուշի ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել ևս մեկ տարով, այսինքն՝ 2022 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանել 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: