Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ հետևյալ հայտարարությամբ.
«Ես խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող միջադեպերով, որոնք արդեն մարդկային կյանքեր են խլել»,- ասել է Բուրիչը: Եվրոպայի խորհրդի անունից նա կոչ է արել կողմերին՝ անհապաղ դադարեցնելու վերսկսված ռազմական գործողությունները։
«Ավելի քան քսան տարի առաջ մեր կազմակերպությանն անդամակցելով՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հանձնառություն են ստանձնել հակամարտությունները լուծել խաղաղ միջոցներով։ Այդ պարտավորությունը մնում է անփոփոխ և պետք է խստորեն պահպանվի։ Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ տարաձայնությունների խաղաղ լուծման համար Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու նրանց շարունակական ջանքերում: Մենք պատրաստ ենք աջակցելու ԵԽ անդամ երկու երկրների երկխոսությանը՝ վստահության ամրապնդմանը և հաշտեցմանը նպաստելու նպատակով»,- ասել է Բուրիչը: