Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր, փոխանցում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Կողմերն անդրադարձել են սիրիական հակամարտությանը, արտահայտել են կարգավորման հետագա համակարգման պատրաստակամություն, այդ թվում՝ Աստանայի ձևաչափի շրջանակներում։
«Ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին: Ռուսաստանն ու Իրանը կողմ են դրա լիարժեք իրականացմանը՝ ի սկզբանե համաձայնեցված շրջանակներում։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ նոյեմբերի վերջին Վիեննայում նախատեսված բանակցություններն այդ խնդրի շուրջ կանցնեն կառուցողական ճանապարհով»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: