Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ծինփինը և Ջո Բայդենը հեռավար հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ռազմավարական և հիմնարար հարցեր: Հանդիպումը տևել է մոտ 3,5 ժամ:
«Որպես աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է ընդլայնեն կապերը և համագործակցությունը»,- հանդիպման ընթացքում նշել է Ծինփինը: Նա ընդգծել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ամուր և կայուն հարաբերություններն անհրաժեշտ են երկու երկրների զարգացումն առաջ մղելու և խաղաղ ու կայուն միջազգային միջավայր ապահովելու, ներառյալ՝ գլոբալ մարտահրավերներին արդյունավետ լուծումներ գտնելու համար, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունները և կորոնավիրուսի համավարակը:
Ծինփինը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Բայդենի հետ՝ տարբեր խնդիրների շուրջ համաձայնության հասնելու և չին-ամերիկյան հարաբերությունները դրական ուղղությամբ տանելու հարցերում:
Իր հերթին Ջո Բայդենն ընդգծել է, որ անհամբերությամբ էր սպասում չինացի գործընկերոջ հետ անկեղծ քննարկում ունենալու հնարավորությանը: Նրա խոսքով՝ երկու նախագահները պատասխանատվություն են կրում Չինաստանի և ԱՄՆ-ի մրցակցությունը հակամարտության չվերածելու համար:
«Մենք պետք է վերականգնենք կոնսենսուսը, պարզ և ազնիվ լինենք մեր տարաձայնությունների հարցում և միասին աշխատենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, հատկապես այնպիսի կարևոր գլոբալ խնդիրների շուրջ, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը: Մեր հարաբերությունները մեծ ազդեցություն են ունենում ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի վրա»,- ասել է Բայդենը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Չինաստանի դեմ դաշինք չի ձևավորի և նրա հետ հակամարտության մեջ չի մտնի, ինչպես նաև հանդես չի գա Չինաստանում կառավարման համակարգի փոփոխության օգտին:
Նախագահներն անդրադարձել են նաև Թայվանի խնդրին: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինտոնը հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին և չի աջակցում Թայվանի անկախությանը:
Պեկինում և Վաշինգտոնում կարծում են, որ Չինաստան-ԱՄՆ հեռավար գագաթնաժողովը կարող է ամրապնդել երկու երկրների միջև վստահությունը: