Նոյեմբերի 9-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն էր ստացվել «աղիքային վարակ» և «սննդային թունավորում, հիպովոլեմիկ շոկ» նախնական ախտորոշումներով 11 դեպքի վերաբերյալ։
Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 11 երեխան էլ հաճախում է «Էլկա» մանկական գեղագիտական կենտրոն։ Վերջիններիս մոտ աղիքային վարակին/սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշանները՝ սրտխառնոց, անզուսպ փսխում, դիտվել են նույն օրը և հիվանդները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր, որտեղ հոսպիտալացվել են «աղիքային վարակ» և «սննդային թունավորում, հիպովոլեմիկ շոկ» նախնական ախտորոշումներով (1 երեխա ծնողների հրաժարականով տուն է գնացել և, ստանալով հիվանդանոցի վարակաբանի խորհրդատվություն՝ ստանում է ամբուլատոր բուժում):
Ներկա պահին հոսպիտալացված բոլոր հիվանդները դուրս են գրվել, բավարար առողջական վիճակով:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների, ինչպես նաև ՀՀ ՍԱՏՄ տեսուչների կողմից լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշների, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում։
Արդյունքում խմելու ջրի մեջ շեղումներ չեն հայտնաբերվել, սննդամթերքում (հավի մսով և բրնձով շիլա, երշիկ) հայտնաբերվել է ստաֆիլոկոկ, թունաբանական հետազոտության արդյունքում՝ թունավոր ազդեցություն, սաների և աշխատակիցների կենսանմուշներում հայտնաբերվել է ստաֆիլոկոկ, իսկ արտաքին մակերեսներից վերցված լվացուկներում ԱՑԽՄ և ստաֆիլոկոկ՝ հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Տվյալ կազմակերպությանը կարգելվի սնունդ մատուցել երեխաներին, քանի դեռ հումքի ու սննդամթերքի պահեստավորման, մշակման, պատրաստման տարածքներն ու սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանեցվել իրավական ակտերով սահմանված նորմերին:
«Էլկա» մանկական զարգացման կենտրոնը գրանցված չի եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում և դուրս է մնացել տեսչական մարմնի վերահսկողության շրջանակից: Սննդի շղթայի օպերատորների բազայում չգրանցվելու համար տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության: