Այսօր ժամը 13.00-ի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել: Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ: Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական՝ սա ուղիղ ագրեսիա է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: ՀՀ անվտանգության խորհրդի արտահերթ նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ սույն թվականի մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք։
«Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է. Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը»,- ասաց Փաշինյանը։
«Այո՛, այսօր մենք ծանր օր ենք ունեցել. ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, մենք կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք, և պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է։ Մենք կարող ենք բանակցել, մենք կարող ենք փնտրել և գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով»,- հավելեց վարչապետը՝ միջազգային հանրությանը կոչ անելով Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հասցեական հայտարարություններ ընդունել։
«Սահմանային վեճերի մասին խոսակցությունները անհեթեթ են և անիմաստ. չկա սահմանային վեճ. կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա»,- ընդգծեց վարչապետը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ ԽՍՀՄ ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով, և եթե խնդիրը սահմանային վեճ լիներ, Ադրբեջանը պետք է վաղուց ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու Հայաստանի առաջարկը։
Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են։
ՀՀ Կառավարությունը և ժողովուրդը վճռական են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և անկախությունը։
Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են։ Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին»,- նշեց Փաշինյանը։
Վերադառանալով սահմանային իրադրությանը՝ ՀՀ վարչապետն ասաց, որ այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
«Մենք շարունակաբար և ճշգրտված տեղեկություններ կհաղորդենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։