Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին, Դմիտրի Կուլեբան և Նիկու Պոպեսկուն Բրյուսելում Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես են եկել ձևաչափը եվրաինտեգրման գործուն գործիք դարձնելու օգտին, հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ուկրաինայի ԱԳ նախարարի խոսքով՝ դեկտեմբերին կայանալիք ԱլԳ գագաթնաժողովին կներկայացվի Եվրամիության հետ հետագա փոխգործակցության ռազմավարական տեսլականը՝ տարբերակման սկզբունքի հիման վրա. այն երկրները, որոնք ձգտում են ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրման, պետք է ավելի շատ հնարավորություններ ստանան:
Կուլեբան նշել է, որ եվրաինտեգրման արագացումը կամրապնդի «ասոցացված եռյակի» և, ընդհանուր առմամբ, Եվրամիության երկրների անվտանգությունը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության սպառնալիքներին համատեղ հակազդելու, տնտեսությունների վրա կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը նվազեցնելու, Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում «ասոցացված եռյակի» կողմից ընդհանուր նախագծեր իրականացնելու և այլ հարցեր: