Ալեքսեյ Սանդիկովը Ազգային ժողովի ամբիոնից ռուսերեն ելույթ է ունեցել՝ որպես Հայաստանում բնակվող ռուսներին ներկայացնող խորհրդարանական, ինչպես նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անդամ:
«Այս պահին ադրբեջանական զինուժը կիրառում է հրետանի և ակտիվորեն հրետակոծում ՀԱՊԿ անդամ երկրի՝ Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային դիրքերը:
Հիշեցնում եմ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնական նպատակն է ամրապնդել խաղաղությունը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, հավաքական հիմունքներով պաշտպանել անդամ պետությունների անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որոնց ձեռք բերման առաջնահերթությունը անդամ երկրները տալիս են քաղաքական միջոցներին:
Ադրբեջանի իշխանությունների խաղն անպատիժ գործողությունների շարունակությունն է եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ողջ ժամանակահատվածում և հատկապես օրակարգում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացակայության վերաբերյալ հայկական և ռուսական կողմերի հստակ դիրքորոշումից հետո:
Ցանկանում ենք ընդգծել Հայաստանի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու իրենց Հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը»,- ասաց Սանդիկովը: