ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանն ԱԺ ամբիոնից խոսել է ստեղծված իրավիճակում միասնականության մասին:
«Հիմա Հայաստանին ուրանալը դավաճանություն է: Պետք է հիմա ողջ հայ ժողովուրդը միաձուլվի, մոռանա ներքին և արտաքին բոլոր տարաձայնությունները, և մեզ պահենք ինչպես պատերազմում: Պատերազմը չի ավարտվել: Մեր ինքնիշխանության հաստատման ամենակարևոր փուլն ենք ապրում: Մեր հակառակորդները նախևառաջ հաշվի են առնում մեր տարաձայնությունները նման սանձարձակ լկտիություն դրսևորելիս: Նրանք պիտի հանդիպեն խուլ պատի, նրանք պիտի համոզվեն, որ մենք ամեն ինչ կդնենք մի կողմ հանուն մեր պետության և ինքնիշխանության»,- ասաց Խաչատրյանը:
Նա անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի գործառույթներին:
«Մենք ի զորու ենք մեր շահերը պաշտպանելու, մենք պարտավոր ենք «անվտանգության բարձիկներ» ունենալ: Մեր պետությունը երկու անվտանգության բարձիկ ունի՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը: Չե՞ն աշխատի այդ բարձիկները, պետք է հրաժարվենք այդ բարձիկներից: Ռուսաստանը պարտավորություն է ստանձնել, թող մտածի՝ կատարո՞ւմ է, թե՞ չէ: Ռուսաստանի նախագահը ստորագրել է, թող հաշիվ տա իրեն՝ իր ստորագրությունը հարգող կա՞, թե՞ չէ՝ ի դեմս Ադրբեջանի լկտի ղեկավարի»,- ասաց Խաչատրյանը: