Նոյեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կազմակերպվել էր հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանում հանրային ներդրումների կառավարման համակարգին։
Հանրային ներդրումների կառավարման համակարգը հանրային ներդրումային ծրագրերի վերհանման և մշակման, գնահատման, առաջնահերթությունների սահմանման և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման առանցքային գործիքակազմի բաղադրիչներից է, որը հնարավորություն է տալիս որոշումների կայացման գործընթացում առանձնակի կարևորել հանրային ներդրումային ծրագրերի համապատասխանությունը ՀՀ կառավարության գերակայություններին և ռազմավարական ծրագրերին:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նախարար Վահան Քերոբյանը:
«Մենք սկսել ենք մի կարևոր նախաձեռնություն, որի նպատակը հանրային ներդրումների կառավարման համակարգի ներդրումն է։ Այս համակարգի արդյունքում կառավարության կողմից իրականացվող կապիտալ և ոչ կապիտալ ներդրումներն ավելի կշռադատված և ավելի լավ գնահատված մեխանիզմով կսկսեն իրագործվել»,- նշել է նախարարը և հանդիպման մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք:
Այնուհետև նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը ներկայացրել է շնորհանդես հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի վերաբերյալ՝ ներկայացնելով գործընթացը, որի արդյունքում ակնկալվում է ունենալ մի համակարգ, որում հաշվի կառնվեն ոլորտային պլանավորման, ծրագրերի գնահատման և ընտրության, ներդրումների բյուջետավորման չափանիշները:
Նա մանրամասներ է ներկայացրել նաև գաղափարների վերհանման, ծրագրերի մշակման և գնահատման մեթոդաբանության վերաբերյալ` անդրադառնալով անհրաժեշտ բոլոր քայլերին` ծրագրերի տեսակներին, միասնական կանոններով մշակման փուլերին, հիմնական սկզբունքներին, պատասխանատու մարմիններին, նախագնահատման և գնահատման չափորոշիչներին, ծրագրերի ընտրության, նախագծի մշակման, հանրային ներդրումային ծրագրերի բանկում ներառման, ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ որոշման կայացման, բյուջետային գործընթացի սկզբի և իրականացման ընթացակարգերին:
Նշվել է նաև, որ որոշումներ ընդունելիս մեծ ուշադրություն է դարձվելու ծրագրերի գնահատման չափորոշիչներին, մասնավորապես` մարդկային կապիտալ, ոլորտի ռազմավարությանը համապատասխանություն, ենթակառուցվածքի նշանակություն, ռիսկայնություն և տնտեսական շահութաբերության վերլուծություն, որը թույլ կտա ընտրել այն ներդրումային ծրագրերը, որոնք առավելագույնս կնպաստեն երկրի տնտեսական աճին ծրագրի ողջ ժամանակահատվածի արդյունքներով:
Քննարկման ընթացքում կարծիքներ են փոխանակվել հանրային ներդրումների կառավարման համակարգի վերաբերյալ, ներկայացվել առաջարկություններ, հստակեցվել հետագա անելիքները: Շեշտվել է նաև ծրագրերի մշակման ուղեցույցների, մասնագետների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը: Անի Իսպիրյանը պատասխանել է մասնակիցների հարցերին և նշել, որ հանդիպումները լինելու են շարունակական: