Ստամբուլում նոյեմբերի 15-ին Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարներ Անդրեյ Ռուդենկոն և Սեդաթ Օնալը քննարկել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական համագործակցությանն առնչվող հարցեր։ ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևորել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։ Փոխնախարարներն ընդգծել են առաջիկայում Հարավային Կովկասում 3+3 տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի գործարկման արդիականությունը։ Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակին։
*****
Լիվերպուլում տեղի ունեցած պայթյունից հետո Մեծ Բրիտանիայում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը բարձրացվել է նախավերջին՝ «բարձր» աստիճանի։ Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարար Պրիտի Պատելին։ Նոյեմբերի 14-ին Լիվերպուլում՝ Եվրոպայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամենամեծ կլինիկայի մոտ մեքենա էր պայթել, ինչի հետևանքով մահացել է մեկ մարդ։ Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի առնչությամբ ձերբակալվել է երեք մարդ:
*****
Բրյուսելում կայացել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի հիմնական թեման եղել է լեհ-բելառուսական սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամը։ Նիստի ընթացքում քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել Բելառուսի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի կիրառման հարցում։ Նոր սահմանափակումները վերաբերելու են մի շարք բելառուս պաշտոնյաների և փախստականներին Բելառուս տեղափոխող ավիաընկերությունների և տուրիստական գործակալությունների։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, վերահաստատել է ԵՄ նոր պատժամիջոցներին կոշտ արձագանքելու իր մտադրությունը՝ նշելով, որ երկիրը նահանջելու տեղ չունի։
Ալեքսանդր Լուկաշենկո, Բելառուսի նախագահ - Պատժամիջոցներով են վախեցնում։ Կարծում են՝ կատակելու եմ։ Ոչ մի նման բան։ Մենք պաշտպանվելու ենք։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ՝ Բելառուսի և Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամի շուրջ բանակցություններում, և արդեն իսկ աշխատում է այդ ուղղությամբ։
*****
Նոյեմբերի 17-19-ը Տաջիկստանի Ֆահրաբադի վարժադաշտում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2021» համատեղ զորավարժությունները: Վարժանքների նպատակն է համատեղ ու օպերատիվ-մարտական միջոցառումների մակարդակի բարձրացումը հավաքական անվտանգության շրջանակում։ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստաի, Տաջիկստանի և Ղրղզստանի հատուկջոկատայինները համատեղ կկատարելագործեն գրոհայինների ոչնչացման գործողությունների պլանավորման և իրականացման հմտությունները:
*****
Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 100-ի, կա մեկ զոհ: Համապատասխան բժշկական օգնությունից հետո 88 մարդու թույլ են տվել տուն վերադառնալ, մյուսները դեռ հիվանդանոցներում են: Կիրակի կեսօրին ավելի քան 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանի Հորմոզգան նահանգում։ Երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է Բանդեր Աբաս քաղաքից 60 կիլոմետր հեռու: Գրանցվել է նաև մի քանի հետցնցում։
*****
Ավստրիան սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի դեմ չպատվաստված բոլոր քաղաքացիների համար՝ փաստացի նրանց համար սահմանելով լոքդաուն։ Չպատվաստվածներին թույլ կտան տանից դուրս գալ միայն աշխատելու, բժշկի այցելելու, առաջին անհրաժեշտության սննդամթերք գնելու և կարճատև զբոսանքների համար։ Ոստիկանական ստուգումներն արդեն սկսվել են, կարգը խախտողներին սպառնում է 90 եվրո տուգանք։ Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ նման խստացումները մի կողմից պայմանավորված են ավելի վարակիչ «դելտա» շտամով, մյուս կողմից՝ պատվաստումների ցուցանիշներով: Ավստրիայում լիովին պատվաստված է մեծահասակների մոտ 65 տոկոսը: