19-ամյա Ռազմիկ Քամալյանն է: Ինքն իր մասին պատմելիս նշում է՝ սա իր երրորդ կյանքն է: 2020-ի օգոստոսին մեկնել է ծառայության, ստացել ականազերծողի որակավորում, անցել պատերազմով:
Ռազմիկ Քամալյան - Մասնագիտական շրջանակներում գնացել էինք գործողություն կատարելու, էնտեղ չկողմնորոշվելու պատճառով ականի վրա պայթյունի հետևանքով կորցրի ոտքիս մի հատվածը: Բայց էն, ինչ քեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում:
Հիմա ոչ միայն ավելի ուժեղ է, այլև ավելի հասուն ու հեռատես: Շարունակում է ուսումը ԵՊՀ պատմության ֆակուլտետում: Հիշում է՝ վիրավորում ստանալուց հետո ամենից շատ մեկ բան էր ուզում՝ քայլել:
Ռազմիկ Քամալյան - Շատ-շատ էի սպասում պրոթեզավորման, որովհետև անընդհատ ուզում էի քայլել, կյանքի նպատակ էր դարձել: Առաջին օրը հենց պրոթեզավորվեցի, արդեն սկսեցի քայլելը, հենց քայլեցի, արդեն մտածեցի՝ վերջ, ամեն ինչ ընկել է տեղը:
Ռազմիկի նման նորմալ կենսակերպին է վերադարձել պատերազմից հետո ոտքի պրոթեզավորման կարիք ունեցող 99 տղա, ևս 6-ն էլ բժիշկների ցուցմամբ բուժումն է շարունակում, որ նոր ոտքերին պատրաստ լինի:
Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Մինչև օրս պրոթեզավորվել է 119 անձ, որոնցից 20-ը վերին վերջույթի պրոթեզներ են ստացել: Պրոթեզավորումն արվել է իսլանդական արտադրության բարձր ֆունկցիոնալություն ունեցող պրոթեզների միջոցով: Բիոնիկ ձեռքեր են դրանք, աշխարհում լավագույնն են համարվում:
Կառավարության որոշմամբ՝ զինվորական ծառայության և պարտականությունները կատարելու ժամանակ վնասվածք ու խեղում ստացած տղաները պրոթեզավորվում են հատուկ ընթացակարգով:
Տաթևիկ Ստեփանյան - Այս գործընթացին աջակցել ցանկացողների խումբ կար մեծ, կազմակերպեցինք «Համահայկական» և «Հավերժական ազգ» հիմնադրամների հետ հուշագիր, որի շրջանակներում, գործընթացը համակարգելու առումով, մեկտեղեցինք բոլոր ֆինանսական միջոցները:
Գործընթացը մի քանի փուլով է իրականացվել: Նախ ձևավորել են բազմամասնագիտական թիմեր՝ տնայցերի միջոցով ուսումնասիրելու տղաների կարիքները: Նախապրոթեզավորման փուլում, որը 6 ամսից 1 տարի կարող է տևել, բուժամարզական պրոթեզներ և աջակցող այլ միջոցներ են տրամադրել:
Տաթևիկ Ստեփանյան - Կախված մարդու մասնագիտությունից, բնակության վայրից, շարժունակության Մոբբիսի աստիճանից՝ որոշվել են պրոթեզների տեսակները:
Տղաներն իրենք են ընտրել՝ Հայաստանում գործող 5 պրոթեզարանից որտեղ պրոթեզավորվել: Ստեփանյանն էլ նշում է՝ պատերազմից մեկ տարի անց նույնականացվել ու պրոթեզավորվել են զինվորական ծառայության և պարտականությունները կատարելու ժամանակ վնասվածք ու խեղում ստացած բոլոր տղաները, միայն 6 հոգու պրոթեզավորման գործընթացն է դեռ ընթացքի մեջ: