Երկում համաճարակային իրավիճակը զսպելու համար են տեսչական մարմինները տնտեսվարողին հորդորում պահպանել հակահամաճարակային կանոնները։ ՍԱՏՄ մասնագետների շրջայցն այսօր Քանաքեռ-Զեյթունում էր։
Հայկ Մայիլյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ - Նկատել ենք փոքր ինչ դրամարկղի մոտ կուտակում, սակայն աշխատակիցները պարբերաբար զգուշացնում են, որպեսզի իրարից հեռու կանգնեն: Այլ խախտումներ դեռ չենք ֆիքսել:
Սուպերմարկետում դիմակների, ախտահանիչ միջոցների առկայությունն ստուգելուց բացի, ՍԱՏՄ մասնագետներն ուսումնասիրեցին նաև պատվաստման ու թեստավորման հավաստագրերի առկայությունը։ Աշխատակիցների 80 տոկոսն արդեն պատվաստվել է, մնացածն ըստ ժամանակացույցի թեստ են հանձնում: Տնօրենը վստահեցնում է՝ վերահսկողությունը չեն թուլացնում:
Մեկ շաբաթում ՍԱՏՄ տեսուչները ավելի քան 100 տնտեսվարողի են այցելում, խախտումներ հանդիպելիս արձանագրություն կազմում: Մայիլյանն ասում է՝ տուգանում են, որ տնտեսվարողները խախտումները վերացնեն ու պատշաճ կազմակերպեն հակահամաճարակային կանոնները:
Հայկ Մայիլյան - Անցած շաբաթվա 13-ից մոտ կեսը եղել են, որ հետազոտություն, ՊՇՌ չեն ունեցել կամ ժամկետի խախտումով են եղել, սակայն նվազման է գնում, հիմա գրեթե բոլոր տեղերում ունեն թե՛ թեստավորում, թե՛ պատվաստում, դիմակների մասով էլ ավելի քիչ է: Հիմա կրում են դիմակներ:
Տեսչականի մասնագետը հիշեցնում է՝ բոլոր խախտումների համար պատասխանատվությունը տնտեսվարողինն է: Պատիժը կարող է արտահայտվել կա՛մ նախազգուշացմամբ, կա՛մ էլ 100-300 հազար դրամ տուգանքով: Կրկնվելու դեպքում այն կարող է հասնել մինչև կես միլիոն դրամի: