Չինաստանը մոտ 100 միլիոն յուան՝ 15 մլն դոլարից ավելի ներդրում կանի Հանրային հեռուստաընկերությունում. արտգործնախարարությունում ստորագրվող փաստաթղթով է արձանագրվում: Չինական անհատույց օգնությամբ Հանրայինում նոր մասնաշենք կկառուցվի:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Պայմանական ծրագիրը 8-րդ ստուդիա է կոչվում, Հանրայինի 8-րդ տաղավարի կառուցումն է լինելու, բայց այն ենթադրում է ոչ միայն տաղավարային, այլև վարչական մաս, այսինքն՝ գրասենյակային տարածքներ: Նախատեսվում է, որ մոտ 2 տարում Հանրայինի տարածքը կմեծանա՝ հաշվի առնելով արտադրական ծավալների ու աշխատակիցների թվի ավելացումը:
Հանրային-Չինաստան բարեկամությունը տարիների փորձ ունի. տեսախցիկներ, արբանյակային հեռարձակման նաև շարժական հեռուստատեսային կայան, լրահավաք մեքենա Պեկինից Երևան էին հասել դեռ տարիներ առաջ: Նոր աջակցության բանակցությունները վերսկսվեցին նախորդ տարի:
Ֆան Յոնգ (Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան) - Մեր և Հայաստանի` ի դեմս արտգործնախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի միջև ստորագրվող համաձայնագիրը մեր երկար տարիների բարեկամության նոր խորհրդանշան է: Մենք պատմական երկարատև բարեկամական կապեր ունենք և ըստ այդմ Հայաստանի Կառավարությանը տնտեսական, տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերում՝ որպես հայ-չինական բարեկամության նշան:
Հովհաննես Մովսիսյան - Շատ կարևոր է, որ Հանրայինի 65-ամյակի շեմին նման ծրագիր ենք սկսում: Շատ երկար տարիներ Հանրայինի տարածքում ոչ մի նոր մասնաշենք, ըստ էության, չի կառուցվել: Այս ծրագիրը նաև այդ իմաստով է կարևոր, իսկապես շենքային պայմանների թարմացման կարիք կա, և եղածն այս պահին չի բավականացնում: Շատ հաճախ ստիպված ենք լինում տարածքներ վարձակալել նկարահանումների համար: Ապագայում, երբ այս մասնաշենքը կառուցվի, հուսով եմ՝ էլ չենք վարձակալի ոչ մի տարածք: Հաջորդ տարի Հանրայինն իր միջոցներով բավականին մեծ գումար է ներդնելու՝ մոտ 1 միլիոն դոլարից ավելի՝ տեխնիկական վերազինման համար:
Հաջորդ տարի Հանրայինն էլ հանրությանը ներկայանալու համար չինական օգնությանն ու մեր երկրի կառավարության աջակցությանը կմիանան նաև Առաջին ալիքի գովազդային միջոցները, ու կթվայնացվի Հանրայինի առաջին տաղավարը, կկառուցվի լրատվական ծառայության ևս մեկ նոր տաղավար: