ՏԱՋԻԿՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՊԿ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոյեմբերի 17-19-ը Տաջիկստանի Ֆահրաբադի վարժադաշտում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ - 2021» համատեղ զորավարժությունները: Վարժանքների նպատակն է համատեղ ու օպերատիվ-մարտական միջոցառումների մակարդակի բարձրացումը հավաքական անվտանգության շրջանակում։ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստաի, Տաջիկստանի և Ղրղզստանի հատուկ ջոկատայինները համատեղ կկատարելագործեն գրոհայինների ոչնչացման գործողությունների պլանավորման և իրականացման հմտությունները:
ԵՐԿՐԱՇԱՐԺ ԻՐԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ. ՏՈՒԺԵԼ Է 100 ՄԱՐԴ
Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 100-ի: Համապատասխան բժշկական օգնությունից հետո 88 մարդու թույլ են տվել տուն վերադառնալ, մյուսները դեռ հիվանդանոցներում են: Կիրակի կեսօրին ավելի քան 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանի Հորմոզգան նահանգում։ Երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է Բանդեր Աբբաս քաղաքից 60 կիլոմետր հեռավորության վրա: Գրանցվել է նաև մի քանի հետցնցում։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՄՆ-ԻՑ ՇՈՒՐՋ 80 ՏՈՆՆԱ ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՍՏԱՑԵԼ
Ուկրաինան Ամերիկայի Միացյալ Նահանգներից շուրջ 80 տոննա զինամթերք Է ստացել: Այդ մասին, հաղորդել Է Կիևում ԱՄՆ-ի դեսպանությունը: Դա Վաշինգտոնի արդեն չորրորդ մատակարարումն է՝ 60 միլիոն դոլարի չափով լրացուցիչ օգնության շրջանակներում, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել այս տարվա օգոստոսին: Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան և Միացյալ նահանգները ռազմավարական գործընկերության շուրջ նոր խարտիա են ստորագրել:
ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆԿՈՒՄ ԱՊՐԵԼ
Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենի վարկանիշը շարունակում է անկում ապրել: The Washington Post և ABC հեռուստաալիքի կողմից անցկացված հարցման համաձայն Բայդենի վարկանիշը հասել է երդմնակալությունից առ այսօր ամենացածր մակարդակի: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ երկրի ղեկավարի պաշտոնում Բայդենի աշխատանքը ստացել է հարցվածների 41 տոկոսի հավանությունը: Հակառակ կարծիքն ունի հարցման մասնակիցների 53 տոկոսը:
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ՝ ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ավստրիան սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի դեմ չպատվաստված բոլոր քաղաքացիների համար, փաստացի նրանց համար սահմանելով լոքդաուն։ Չպատվաստվածներին թույլ կտան տնից դուրս գալ միայն աշխատելու, բժշկի այցելելու, առաջին անհրաժեշտության սննդամթերք գնելու և կարճատև զբոսանքների համար։ Ոստիկանական ստուգումներն արդեն սկսվել են, կարգը խախտողներին սպառնում է 90 եվրո տուգանք։ Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ նման խստացումները մի կողմից դա պայմանավորված են ավելի վարակիչ «դելտա» շտամով, մյուս կողմից՝պատվաստումների ցուցանիշներով: Ներկայումց Ավստրիայում լիովին պատվաստված է մեծահասակների մոտ 65 տոկոսը: