Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստ է ադրբեջանցի նկարիչների ստեղծագործությունները փոխանակել Շուշիի կերպարվեստի թանգարանում մնացած կտավների հետ: Պատրաստակամությունը պատերազմից հետո Ադրբեջանին փոխանցվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով:
Լուսինե Ղարախանյան (Արցախի ԿԳՄՍ նախարար) - Ինչպես ցույց է տվել դեպքերի ընթացքը, զարգացումները, Ադրբեջանում, մասնավորապես Բաքվում, անհաղորդ են՝ կատեգորիկ չեն ընդունել ռուս խաղաղապահի առաջարկը:
Ադրբեջանցի նկարիչների աշխատանքները Ստեփանակերտի պատկերասրահի ֆոնդում պահվում են արցախյան առաջին պատերազմից հետո: Ի դեպ, հայտնի է, թե ովքեր են ստեղծագործությունների հեղինակները:
Նոննա Գրիգորյան (Ստեփանակերտի պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար) - Ադրբեջանցի հեղինակների կտավները պահվում են պատկերասրահի Ստեփանակերտի պատկերասրահի ֆոնդում, որտեղ առկա են գեղանկարների պահպանման համար բոլոր պայմանները: Կտավների թիվը 50-ին մոտ է՝ ստեղծված 1970-ական թվականներից:
Շուշիի կերպարվեստի թանգարանում 600-ից ավելի կտավ է մնացել: Դրանք միջազգային համբավ ունեցող նկարիչների աշխատանքներ են՝ ասում է «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենը:
Լուսինե Գասպարյան («Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ տնօրեն) - Հակառակորդ կողմը պատրաստակամություն չի հայտնում փոխանակման, ընդհանուր հայտարարի չենք գալիս:
Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն ահազանգում է՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում մշակութային ժառանգությունը վտանգված է: Սեփականը չգնահատողը չի կարող գնահատել ուրիշի մշակույթը:
Լուսինե Ղարախանյան - Սովորաբար մշակույթ յուրացնող, ուրիշի մշակույթը թալանողը չի կարող հոգատար վերաբերմունք ունենալ և գնահատել սեփական մշակույթը: Հենց փոխանակման, չիրականացված փոխանակման օրինակի վրա էլ կարելի է եզրահանգել, թե ինչպես են գնահատում մարդիկ իրենց մշակույթը:
Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը բացվել է 2013 թվականին՝ ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի ջանքերով: Թանգարանը կառուցվել է Շուշիի պատմական իջևանատան հիմքի վրա: