Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաջող ելույթներ են ունենում Սլովենիայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում:
Երեկ՝ նոյեմբերի 14-ին, կայացել են 3-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի տղամարդկանց ընտրանին 3-րդ տուրում մրցել է Իսրայելի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարել:
Առաջնությունում իր երրորդ հաղթանակն է տոնել հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը՝ առավելության հասնելով Տամիր Նաբաթի նկատմամբ: Ոչ-ոքիներ են գրանցել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:
Նշենք՝ մեկնարկային տուրում տղամարդկանց հավաքականը 3,5։0,5 հաշվով առավելության էր հասել Բելգիայի թիմի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի՝ 2-2 հաշիվն էր գրանցվել նորվեգացիների դեմ պայքարում:
Երրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավոր ունի իր ակտիվում և ընթանում է 6-րդ տեղում:
Կանանց ընտրանին էլ երրորդ հաղթանակն է տարել՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Լեհաստանի նկատմամբ: Հավաքականի կազմում իր պարտիան հաղթանակով է ավարտել Էլինա Դանիելյանը՝ հաղթելով Յոլանտա Զավադսկային, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը կեսական միավոր են վաստակել, իսկ Աննա Սարգսյանը պարտվել է:
Կանանց Հայաստանի հավաքականն առաջին տուրում մրցել էր խորվաթների դեմ և հաղթանակ տարել 2,5։1,5 հաշվով, իսկ երկրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել էր Բելգիայի թիմին:
Կանանց ընտրանին իր ակտիվում ունի 8,5 միավոր և մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 15-ին, կկայանան չորրորդ տուրի պարտիաները։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի գերմանացիների հետ, իսկ կանանց ընտրանին ուժերը կչափի Իտալիայի թիմի հետ:
Եվրոպայի թիմային առաջնությունում ընդհանուր առմամբ կանցկացվի 9 տուր՝ մինչև նոյեմբերի 21-ը։