Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և անդրադարձել Սուրեն Պապիկյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու որոշմանը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Ըստ էության, կայացրել եմ քաղաքական կարևոր որոշում, և երբ այսօր առավոտյան պարոն Կարապետյանի հետ հանդիպում էինք. մի միտք ասաց, որի հետ չեմ կարող չհամաձայնել և որը չեմ կարող չբարձրաձայնել. նա իրավացիորեն նկատեց, որ Պաշտպանության նախարարի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում թերևս ամենախոցելի կարգավիճակն է կամ ամենախոցելիներից մեկը: Ուզում եմ պարոն Կարապետյանին շնորհակալություն հայտնել այդ խոցելի կարգավիճակն ստանձնելու պատասխանատվություն և համարձակություն ունենալու համար, միևնույն ժամանակ պարոն Պապիկյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ընդունեց իմ որոշումը և փոխվարչապետի պակաս խոցելի կարգավիճակը, ըստ էության, փոխարինում է Պաշտպանության նախարարի շատ խոցելի կարգավիճակով:
Վարչապետը նշել է՝ երկիրը գտնվում է ռազմավարական լրջագույն մարտահրավերների առաջ, կառավարությունն իրավունք չունի այդ մարտահրավերները չկառավարել Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի շահերին համապատասխան:
Նիկոլ Փաշինյան - Շատ գնահատականներ կարող են լինել, այդ գնահատականները կարող են լինել էմոցիոնալ, պակաս էմոցիոնալ, սակայն հստակ է, որ Հայաստանի կառավարությունը, երկրի ղեկավարությունը հստակ պատկերացնում են՝ ինչ քայլեր են անհրաժեշտ երկիրն այս ռազմավարական մարտահրավերների խաչմերուկից բարեհաջող դուրս բերելու, տևական ու կայուն զարգացման ուղի մտցնելու համար, և մենք գնալու ենք այդ ճանապարհով:
Վարչապետն Արշակ Կարապետին համարում է թիմակից, իսկ Սուրեն Պապիկյանը վաղեմի քաղաքական դաշնակից է: Նիկոլ Փաշինյանը նշում է՝ պաշտոնն ստանձնելուց հետո չի եղել գեթ մեկ դեպք, երբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, Պաշտպանության նախարարությունն առաջ քաշեն խնդիր, որը կառավարության լուծելիության տիրույթում է և այդ խնդիրը չլուծվի: Այսպես լինելու է նաև ապագայում, հավաստիացնում է վարչապետը, շարունակելով՝ Պաշտպանության նախարարությունն ու Զինված ուժերը երկրի պետական ամենամեծ օրգանիզմն է, և այդ օրգանիզմը պետք է լինի առողջ, ֆունկցիոնալ առումով արդյունավետ: Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և ԶՈՒ սպայակազմին համատեղ աշխատանքի համար:
Արշակ Կարապետյան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար - Ես բոլորին խնդրում եմ՝ համարեք սա իմ վերջին հրամանը՝ ամեն ինչ արեք, աջակցեք նոր նախարարին և համախմբվեք նոր նախարարի կողքին: Վստահ եմ, որ պարոն Պապիկյանը կարողանալու է շարունակել և իրագործել այն ծրագրերը, որ կառավարությունը հաստատել է Զինված ուժերի մասով: Ես առանձին զրույց ունեցա պարոն Պապիկյանի հետ, հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ հարկ եղած դեպքում աջակցելու: Պարոն վարչապետ, շնորհակալ եմ վստահության համար և հուսով եմ, որ հաջորդ նախարարն է՛լ ավելի մեծ հաջողություններ կունենա: Շնորհակալություն համատեղ ծառայության համար:
Իր հերթին՝ նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է պատասխանատու ու դժվարին ժամանակաշրջանում ստանձնել այս դերակատարումը:
Սուրեն Պապիկյան, ՀՀ պաշտպանության նախարար - Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այս պատասխանատու դերակատարումը վստահելու համար: Պատրաստ եմ զօր ու գիշեր ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարար էր նշանակվել 2021-ի օգոստոսի 2-ին: