Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի չարաշահման հերթական դեպքն է բացահայտել: Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավարը հիմնադրամի կողմից 2021 թ. հուլիսին անցկացված միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շուրջ 1,8 մլրդ դրամի արժողությամբ մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության սեփականատիրոջից 25 մլն դրամ կաշառք է պահանջել։ Պաշտոնյան կաշառքը պահանջել է կազմակերպության օգտին հովանավորչության, այդ թվում՝ հիմնադրամին ներկայացված շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար։
25 մլն դրամ կաշառքից շուրջ 2.5 մլն դրամը նա ստացել է այս տարվա սեպտեմբերին։ Նոյեմբերի 12-ին պաշտոնատար անձի կողմից կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.9 մլն դրամը ստանալուց հետո, նա և կաշառք տված անձը բերման են ենթարկվել ԱԱԾ։
Անձնական խուզարկության արդյունքում պաշտոնատար անձի մոտից հայտնաբերվել է կաշառքի առարկա գումարը։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ։ Պաշտոնատար անձը և նրան կաշառք տվողը ձերբակալվել են, կատարվում է նախաքննություն:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան