ԻՆԴՈՆԵԶԻԱ
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Վերջին հինգ տարվա ընթացքում ինդոնեզացի գրադարանավար Ռադեն Ռորո Հենդարտին, այսպես կոչված, «շարժական գրադարան» է վարում, որպեսզի գրքեր հասցնի գյուղական հեռավոր համայնքների երեխաներին: Ինդոնեզիայի Ճավա կղզում ապրող փոքրիկներն իսկական գրադարան այցելել չեն կարող:
Իրականում կինը ոչ միայն ընթերցանության մշակույթն է խթանում երիտասարդության շրջանում, այլև անուղղակիորեն նպաստում է շրջակա միջավայրի մաքրությանը: Բանն այն է, որ Ռադենը երեխաներին գիրք է տալիս պլաստմասսայե բաժակների, տոպրակների և այլ տեսակի տարբեր թափոնների դիմաց: Հետագայում նա դրանք վաճառում է ու նորից գրքեր գնում:
Ռադեն Ռորո Հենդարտի (գրադարանավար) - Հարկավոր է վաղ տարիքից կառուցել գրագիտության մշակույթը, որպեսզի հնարավոր լինի մեղմել թվային աշխարհի վնասը: Բացի այդ, պետք է հոգ տանել թափոնների մասին` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Ամեն ինչ պետք է անենք` մեր մոլորակն աղբից մաքրելու համար:
«Գիրք՝ աղբի դիմաց» գրադարանի գաղափարը 48-ամյա կինն սկսել է կյանքի կոչել 2014 թվականից, իր հայրենի Մունթանգ քաղաքում: Արձագանքը դրական է եղել, ուստի որոշել է ընդլայնել աշխարհագրությունը:
Ռադենն աշխատում է ամեն օր, փորձում է օրական գոնե երեք բնակավայր այցելել: Մարդիկ գիրքը վերցնում են, սովորաբար՝ մեկ շաբաթով, իսկ վարձութի գումարի փոխարեն նրան թափոն են տալիս, որի վաճառքից էլ կարողանում է ոչ միայն նոր գրքեր գնել, այլև գումար վաստակել` իր կարիքները հոգալու համար:
ԻՏԱԼԻԱ
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՊՐԵԼ ՀՆԱԳՈՒՅՆ ՊՈՄՊԵՅԻ ՍՏՐՈՒԿՆԵՐԸ
Հնագետներն Իտալիայում, մասնավորապես Պոմպեյից ոչ հեռու գտնվող մի առանձնատան տարածքում հայտնաբերել են սենյակ, որտեղ կան մահճակալներ և այլ առարկաներ: Դրանք լույս են սփռում Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանված Պոմպեյ քաղաքում ապրող ստրուկների կենսապայմանների վրա:
Գերազանց պահպանված սենյակում երեք փայտե մահճակալ կա: Բացի այդ, երևում են սափորներ, խեցեգործական սափորներ, նաև այնպիսի տարա, որտեղ մարդիկ հոգացել են բնական կարիքները:
Հռոմեական օրենքների համաձայն՝ ստուրկները համարվել են սեփականություն և իրավաբանական անձ լինելու իրավունք չեն ունեցել:
Մահճականների վերևում հնագետները հայտնաբերել են փայտե սնդուկ, որտեղ պահվել են աշխատանքային գործիքներ: Մահճակներից երկուսը 1 մ 70 սմ, իսկ մյուսը` 1 մ 40 սմ երկարությամբ են: Ամենայն հավանականությամբ, այս սենյակը պատկանել է ստրուկների փոքր ընտանիքի: Սենյակը 16 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, ունի մի փոքրիկ պատուհան: Դատելով սափորների մեծ թվից՝ կարելի է ենթադրել, որ այս սենյակը նաև որպես պահեստ է ծառայել ստրուկների տերերի համար:
Պոմպեյն ընկած է Նեապոլից 23 կմ հյուսիս, այնտեղ 13 հազար մարդ էր ապրում: Հրաբխի պատճառով 79 թվականին քաղաքն ամբողջությամբ մնացել է մոխրի շերտի տակ: Այս բնակավայրը հայտնաբերվել է միայն 16-րդ դարում: Հատկապես վերջին շրջանում այստեղ հնագիտական ակտիվ աշխատանքներ են ընթանում:
ՖՐԱՆՍԻԱ
«ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻ» ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 210 ՀԱԶԱՐ ԵՎՐՈՅՈՎ
Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզայի»` աշխարհի ամենահայտնի դիմանկարներից մեկի բավականին հաջող կրկնօրինակը Փարիզի աճուրդում վաճառվել է 210 հազար եվրոյով: Հատկանշական է, որ ի սկզբանե մասնագետներն այն գնահատել էին 150-200 հազար եվրո:
Հայտնի «Ջոկոնդայի» այս պատճենը թվագրվում է 1600 թվականով և զարմանալիորեն շատ նման է բնօրինակին: Դե իսկ բնօրինակը 1518 թվականին Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա Առաջինը գնել է հեղինակից: Այդ անգին գանձը պահվում է Լուվրի թանգարանում և չի վաճառվում: Ամեն տարի հազարավոր մարդիկ են այցելում թանգարան` Մոնա Լիզայի առեղծվածային ժպիտով հիանալու համար:
Այս տարվա հունիսին եվրոպացի մի հավաքորդ Փարիզի «Քրիստի» աճուրդի տանը 2.9 միլիոն եվրոյով գնել է «Մոնա Լիզայի» մեկ այլ պատճեն, որը 17-րդ դարի աշխատանք է: Սա նկարի կրկնօրինակի համար վճարված ռեկորդային գին էր: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի նոյեմբերին Նյու Յորքի «Քրիստի» աճուրդի տանը Լեոնարդոյի «Սալվատոր Մունդի» կտավը վաճառվել է ռեկորդային` ավելի քան 450 միլիոն դոլարով՝ դառնալով պատմության մեջ ամենաթանկ վաճառված կտավը։ Ընդ որում, 50 միլիոնից ավելին գանձվել է որպես հարկ։
ՇՎԵՅՑԱՐԻԱ
ՄԱՐԻ ԱՆՏՈՒԱՆԵՏԻ ԱԴԱՄԱՆԴԵ ԱՊԱՐԱՆՋԱՆՆԵՐԸ ՎԱՃԱՌՎԵԼ ԵՆ 8 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետին պատկանող ադամանդե ապարանջաններն աճուրդում վաճառվել են ավելի քան 8 միլիոն դոլարով, ինչը մի քանի անգամ գերազանցում է այն գինը, որը մասնագետներն ակնկալում էին ստանալ վաճառքից:
«Քրիստի» աճուրդի տան աշխատակից Ռահուլ Կադակիան, որն անցկացրել է աճուրդը, հայտնել է, որ այս ապարանջանները թագավորական ընտանիքում մնացել են ավելի քան 200 տարի: Թանկարժեք զարդերի նոր սեփականատերը հեռախոսով է մասնակցել աճուրդին և գերադասել է չբացահայտել ինքնությունը:
Կապույտ թավշյա տուփի վրա, որտեղ պահվում են զարդերը, փակցված է «Թագուհի Մարի Անտուանետի ապարանջանները» գրությամբ պիտակը: Սրանք երկու առանձին ապարանջաններ են, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է երեք շարք ադամանդից և մեծ ճարմանդից: Ընդհանուր առմամբ, երկու ապարանջանի պատրաստման համար օգտագործվել է 112 ադամանդի քար:
Հատկանշական է, որ եվրոպական արքայական տանը պատկանող այս ապարանջանները Ժնևի «Քրիստիում» գնահատված էին 2-4 միլիոն դոլար:
ՊԱՂԵՍՏԻՆ
ՋՈՒԹԱԿԻ ԴԱՍԵՐ` ԱՂՔԱՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Պաղեստինցի ջութակահար Խադեր էլ Բայեդը Գազայի հատվածում ապրող երեխաների համար երաժշտության դասեր է տալիս իր տանը պատրաստված ստուդիայում: Սա բացառիկ հնարավորություն է սուղ պայմաններում ապրող մարդկանց համար:
Գազայի հատվածում, որը երկու միլիոն ազգաբնակչություն ունի, երաժշտական ընդամենը մեկ ակադեմիա է գործում: Ահա թե ինչու է Էլ Բայեդի ընձեռած հնարավորությունն այսքան կարևոր տեղացիների համար:
Խադեր Էլ Բայեդ (ջութակահար) - Երբեմն բավականին թանկարժեք երաժշտական գործիքներ եմ տեսնում մարդկանց մոտ, որոնք պատկերացում անգամ չունեն դրանց գնի մասին: Չգիտեմ էլ, թե ինչպես են հայտնվում նրանց մոտ: Ես, սովորաբար, գնում եմ այդ գործիքները: Օրական 10-15 աշակերտ եմ ունենում:
Էլ Բայեդն ասում է, որ 2021 թվականի մայիսից սկսած, երբ դարձյալ պոռթկաց իսրայելա-պաղեստինյան՝ տարիներ ձգվող հակամարտությունը, աշակերտների հոսքը մի փոքր նվազեց: Էլ Բայեդի 19-ամյա զարմիկը` Հուսամը, նույնպես նրա աշակերտներից է, ասում է, որ նվագելիս իրեն երջանիկ է զգում, ազատվում է բացասական էներգիայից:
ՊԵՐՈՒ
ԼԻՄԱՅԻ ԹԱՂԱՄԱՍԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՀՍԿԱ ՈՐՄՆԱՆԿԱՐԻ
Պերուի մայրաքաղաքի՝ երբեմնի գորշ թաղամասերից մեկի փոքրիկ տները ծիածանի գույներով են ներկել: Արդյունքում ստացվել է մեծ որմնանկարի տեսողական պատրանք, որը նկատելի է Լիմայի տարբեր հատվածներից:
Սա որմնանկարիչներ Կառլա Մագանի և Դանիել Մանրիկի մտահղացումն է: Նրանք ցանկացել են մի փոքր ուրախություն մտցնել կորոնավիրուսից մեծապես տուժած մարդկանց կյանքում և զարկ տալ զբոսաշրջությանը:
Որմնանկարիչներից հինգ ամիս է պահանջվել` Լետիսիա բլրին գտնվող տարածքում իրենց գաղափարը կյանքի կոչելու համար:
Դանիել Մանրիկ (որմնանկարիչ) - Քաղաքում այս բլուրն անապահով վայր է համարվում: Ասում էին, որ սա բավականին վտանգավոր թաղամաս է: Մենք էլ որոշեցինք արվեստի միջոցով փոխել այդ սոցիալական խարանը:
Պայծառ գույներով նկարները զարդարում են բազմաթիվ շենքեր ու շինություններ, վառ գույներով ներկում նույնիսկ աստիճաններն ու քարե գորշ պատերը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 300 հազար քառակուսի մետր տարածք են նկարել ու գունազարդել:
Հավակնոտ այս ծրագրին հավանություն են տվել նաև Լիմայի իշխանությունները: Ներկելու աշխատանքներին միանում են նույնիսկ թաղամասի բնակիչները:
ԱՄՆ
ՄԵԿՄՂՈՆԱՆՈՑ ԼՈՒՍԱՅԻՆ ՇՈՈՒ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ԴԵՆԴՐՈՊԱՐԿՈՒՄ
Լոս Անջելեսում առաջին անգամ բացվել է «Լայթսքեյփ»՝ «Լուսային տեսարան» կոչվող շոուն: Այցելուները կարող են անցնել մեկ մղոն ճանապարհ և հիանալ լուսային սքանչելի տեսարաններով: Վառվող գնդիկներով լուսավորվող տարածքի թեման «լուռ գիշերն է», կան գունավոր տոնածառերի վրաններ, կարելի է հանդիպել Հոլիվուդի Փառքի ծառուղու լուսային տարբերակին, երգող ծառեր տեսնել, մի խոսքով՝ իսկական հրաշք: Իսկ կենտրոնական, գլխավոր հատվածում հազարավոր լեդ լամպերով լուսավորված կախարդական Մայր տաճարի թունելն է:
Ջոնի Մարքս (լուսային շոուի կազմակերպիչ) – Մենք այստեղ ենք բերել լուսային ինստալյացիաներ ունեցող արվեստագետների աշխատանքներ՝ աշխարհի տարբեր ծայրերից: Ավստրալիայից բերվածը, օրինակ՝ ավելի քան 100 հազար լեդ լույսեր ունի: Սա այն վայրն է, որտեղ մարդիկ ամուսնության առաջարկություն են անում իրենց սիրելիներին: Այստեղ մթնոլորտը շատ ռոմանտիկ է:
Լուսային այս շոուն ցուցադրվել է նաև Մեծ Բրիտանիայում, իսկ վերջին տարիներին՝ ԱՄՆ-ի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Տեխասում և Նյու Յորքում: Մայր տաճարի թունելը մեծ հիթ է դարձել լուսային շոուի այցելուների համար, քանի որ շատերն են սիրում լուսանկարվել այնտեղ և նկարները տեղադրել սոցիալական ցանցերում: Լոս Անջելեսի բնակիչներն ու հյուրերն այս հիասքանչ տեսարանով կարող են հիանալ 55 գիշեր:
ԱՄՆ
ՎԱՆ ԳՈԳԻ ՋՐԱՆԵՐԿՈՎ ԲՆԱՊԱՏԿԵՐԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է ՄՈՏ 36 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
Վինսենթ Վան Գոգի՝ ջրաներկով արված բնապատկերը, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայտնվել էր նացիստների ձեռքին, Նյու Յորքի «Քրիստիում» աճուրդի ժամանակ վաճառվել է ռեկորդային գնով՝ 35 միլիոն 900 հազար դոլարով:
Վան Գոգն այս կտավը նկարել է 1888 թվականին, այն կոչվում է «Մուել դը բլի», ինչը թարգմանաբար նշանակում է «Ցորենի դեզ»: Ի սկզբանե, այն գնահատված էր 20-30 միլիոն դոլար: Վերջին անգամ ցուցադրվել է 1905 թվականին:
«Ցորենի դեզը» հեղինակը նկարել է Ֆրանսիայի հարավային Առլ քաղաքում, որտեղ ապրել է մեկ տարուց ավելի՝ 1880-ականներին: Ի տարբերություն Վան Գոգի մյուս հայտնի գործերի, որոնք յուղաներկով են, այս մեկը ջրաներկով, գուաշով, գրիչով ու թանաքով է:
Ստեղծագործությունն ի սկզբանե պատկանել է հեղինակի եղբորը՝ Թեո Վան Գոգին: Երկրորդ աշխարհամարտից հետո հայտնի չէր, թե կտավն ում մոտ է: Այն հայտնաբերվել է միայն 1970-ական թվականներին:
Աճուրդի է հանվել նաև Վան Գոգի մեկ այլ աշխատանք, որը կոչվում է «Փայտե խրճիթներ ձիթենիների և նոճիների մեջ»: Այն վաճառվել է 71 միլիոն 350 հազար դոլարով, իսկ «Հապալասով երիտասարդը» դիմանկարի համար նոր սեփականատերը վճարել է մոտ 47 միլիոն դոլար, ինչը վեց անգամ ավելին է, քան նախնական գինը:
ՀՈՆԿՈՆԳ
ՀՈՆԿՈՆԳԻ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ M+ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԲԱՑՎՈՒՄ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Տարիների ուշացումից հետո Հոնկոնգի երկար սպասված M+ թանգարանը վերջապես դռներն է բացել տեղացիների համար: Շատերը երկար հերթ են կանգնել, որպեսզի կարողանան «Տեսողական մշակույթի կենտրոն» անցելել:
Թանգարանի ստեղծման համար միլիարդավոր դոլարներ են ծախսվել: Այնտեղ ներկայացված են չինացի, ասիացի և Արևմուտքի առաջատար արվեստագետների աշխատանքներ:
Անցած տարի Չինաստանի ընդունած ազգային անվտանգության համապարփակ օրենքն էր անընդհատ հետաձգում թանգարանի բացումը, հիմնականում խուսափում էին քաղաքական գրաքննությունից:
Չնայած М+ թանգարանի շուրջ ծագած հակասություններին, այցելուները մեծ ոգևորությամբ են հաճախել արվեստի այս հսկա կենտրոն:
Ալան Թանգ (Հոնկոնգի բնակիչ) - Այնպիսի զգացողություն ունեմ, որ սա հրաշալի տեսարժան վայր է դառնալու Հոնկոնգի համար: Սա մի տեղ է, որը լի է գեղարվեստական ոճով, արվեստագետների ստեղծած մթնոլորտով: Հույս ունեմ, որ ապագայում հոնկոնգցիներն էլ ավելի շատ կայցելեն այս թանգարան:
Կան այնպիսի այցելուներ, որոնք խոստովանում են, որ չնայած արվեստից այնքան էլ շատ չեն հասկանում, սակայն իրենց բավականին լավ են զգում այս թանգարանում, քանի որ հավանում են այնտեղ տիրող մթնոլորտը:
ԲԵԼԳԻԱ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԶԳԵՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բելգիայի Տուրնե քաղաքի տաճարում, երգեհոնային երաժշտության ուղեկցությամբ, կատվաքայլի են դուրս եկել մի խումբ կամավորներ՝ մասնակցելով եկեղեցական զգեստների հազվագյուտ ցուցադրությանը:
Այս հանդերձանքը, սովորաբար, պահվում է եկեղեցիներում, հանրության աչքից հեռու, իսկ սա դրանք տեսնելու բացառիկ հնարավորություն է:
Շոուի ընթացքում մոդելները մոտ 100 հանդիսատեսի ներկայացրել են հագուստներ, որոնք ցույց են տվել այս հանդերձանքի էվոլյուցիան 17-ից մինչև 21-րդ դարը: Տաճարում եղել է նույնիսկ 15-րդ դարի հանդերձանք, սակայն դրանք ցուցադրման ենթակա չեն եղել, քանի որ մեծ է եղել վնասվելու վտանգը:
Հետաքրքիրն այն է, որ այս զգեստները սուրբ են համարվում, ուստի հոգևոր պաշտոնյաներից բացի, ոչ ոք դրանք կրելու իրավունք չունի: Եկեղեցու ավանդույթի համաձայն՝ տաճարի աշխատակիցները պարտավոր են այրել հանդերձանքը, երբ դրանք մաշվում են:
Շոուի կազմակերպիչները վստահեցրել են, որ իրենց բախտն այս հարցում բերել է, քանի որ ստացել են Տուրնեի եպիսկոպոսի թույլտվությունը, որպեսզի աշխարհիկ մարդիկ կարողանան դրանք կրել ու ցուցադրել:
Ներկայացվել է մոտ 30 հանդերձանք այդ թվում՝ ոսկեկար և արծաթե թելերով ասեղնագործված թիկնոցներ: Այս հարուստ հավաքածուն ավելի քան 50 տարի չի ներկայացվել հանրությանը: