Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական իսլամիստ «Թալիբան» շարժումը զորահանդես է անցկացրել Քաբուլում։ Թալիբները երթով անցել են մայրաքաղաքով՝ ցուցադրելով ռազմական տեխնիկան, որը գրավել էին ամերիկյան ստորաբաժանումների հեռանալուց հետո կամ ժառանգություն ստացել նախորդ կառավարությունից։ Քաբուլի վրայով թռել են նաև ռուսական արտադրության Մի-8/17 ուղղաթիռներ։
Ըստ Reuters-ի՝ շոուի իրական նպատակն է հասկացնել աշխարհին, որ թալիբներն այլևս ապստամբ ուժ չեն, այլ վերածվել են կանոնավոր բանակի:
Մինչ թալիբները փորձում են ցույց տալ իրենց ռեժիմի ուժը, միջազգային մարդասիրական գործակալությունները հայտնում են, որ երկրի ընդհանուր տնտեսական վիճակն աղետալի է: Միլիոնավոր աֆղանստանցիներ այս ձմռանը սովի են մատնված:
Թալիբանի պաշտոնյաներն ասում են, որ հին բանակի ռազմական մասնագետները՝ օդաչուներն ու մեխանիկները, աստիճանաբար ինտեգրվելու են նոր բանակին:
Ավելի վաղ ռուս փորձագետները կասկածներ էին հայտնել, որ թալիբները կկարողանան նախկին աֆղանական բանակի ինքնաթիռները մարտունակ վիճակում պահել, քանի որ դրանք ոչ միայն օդաչուների, այլև որակյալ տեխնիկական սպասարկման ու պահեստամասերի կարիք ունեն։