Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այցելել է Շուշիի անցակետի ուղղությամբ
պայթուցիկ սարք նետած Նորայր Միրզոյանին: Նա կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում՝ բժիշկների հսկողության տակ:
«Հետաքրքրվել եմ առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: Այնուհետև հանդիպել եմ նաև Ն. Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, որոնք հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է:
Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնել Ն. Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ՝ դուք դրանով միայն վնասում եք Նորայրին և ավելորդ անհանգստություն պատճառում նրա ընտանիքին:
Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները Ն. Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար, ուստի այդ հարցում ինքնագործունեությունն ու անկշռադատ քայլերը ցանկալի չեն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ստեփանյանը։
Օրեր առաջ Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը
հաղորդել էր, որ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է»։
Ավելի ուշ Գեղամ Ստեփանյանը
տեղեկացրել էր, որ նռնակ նետած քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում: