Գոռ Աբրահամյան (շինարար) - Առաջին եզրաքարն է, առաջին բորդյուրն է, որ դնում ենք. սրա հիմքը պինդ լինի:
Ճանապարհաշինարարները՝ տեխնիկայով հանդերձ, Այրում քաղաքում են: Մոտ կես դար անց այստեղ հիմնանորոգվում է դպրոց և մանկապարտեզ տանող 350 գծամետր ճանապարհը․
Կարեն Աֆոյան (շինընկերության տնօրեն) - Հին պաստառը քանդվել է, հարթեցվում է, նոր դրանից հետո՝ շեբենը, որ անցնենք ասֆալտապատմանը:
Այրումցի տիկին Անահիտը կյանքի մեծ մասը վատ ճանապարհն է տեսել՝ լավի հույսով:
Անահիտ Պապյան (Այրումի բնակիչ) - Քանդված, պրիշակ էլած, փոսն ընկնեի, վեր ընկնեի, հիմի շատ հրաշք գործ են անում:
Այրումի համայնքապետի պաշտոնակատարի խոսքով՝ քաղաքի փողոցների մոտ 90 տոկոսը, մեղմ ասած, բարեկարգ չեն: Թեև սուբվենցիոն ծրագրով գործեր արվել են՝ նորոգվել երաժշտական դպրոցը, բազմաբնակարան շենքի տանիքը, բարեկարգվել համայնքային կենտրոնի շրջակայքը, սակայն ճանապարհաշինարարությունը առաջինն է, և ոչ միայն Այրումում: Սուբվենցիայով միաժամանակ սկսվել է խոշորացված համայնքի ևս երեք բնակավայրում ճանապարհների հիմնովին նորոգումը՝ 100 մլն դրամ ընդհանուր արժեքով, որի 40 տոկոսը՝ պետբյուջեից:
Արայիկ Պարանյան (Այրում համայնքի ղեկավարի պաշտոնակատար) - Բագրատաշենում շուրջ 950 գծամետր ասֆալտապատում է իրականացվում՝ 47 մլն դրամ արժեքով:
Հաղթանակում նույնպես շուրջ 200 գծամետր ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, արժեքը 12 մլն դրամ է, Պտղավանում կատարվում են 200 գծամետր տուֆապատման աշխատանքներ, ճանապարհի թեքության պատճառով տուֆապատվում է: Բագրատաշենի ճանապարհից օգտվելու է նաև Դեբեդավան բնակավայրը:
Հաղթանակի գյուղամիջյան այս ճանապարհի հիմնովին նորոգումն սկսվել է 15 օր առաջ, հաղթանակցիները երկար չեն սպասի, կավարտվի նախատեսված ժամկետում՝ մինչև նոյեմբերի 15-ը:
Վահրամ Շառոյան (Հաղթանակ գյուղի վարչական ղեկավար) - Այս ճանապարհը կարևոր է, տանում է դեպի գերեզմանատուն: Հետագայում նախատեսում ենք ևս երկու ճանապարհի ամբողջությամբ հիմնանորոգումը; Ակնկալում ենք կառավարության աջակցությունը գալիք տարում:
Համայնքապետի պաշտոնակատարի հավաստմամբ՝ ծրագրերը կլինեն շարունակական, հաջորդ սուբվենցիոնը կներառի մյուս բնակավայրերի առաջնահերթությունները: