Թուրքիային անհանգստացրել է ԱՄՆ դիվանագետների և Սիրիայի քրդերի առաջնորդների հանդիպումը: Թուրքական մամուլում այն մեկնաբանվել է որպես ԱՄՆ կողմից հերթական հակաթուրքական քայլ:
Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի տեղակալ Իթան Գոլդրիչի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրամանատար Մազլում Քոբանի և «Սիրիայի դեմոկրատական մեջլիսի» գործադիր խորհրդի նախագահ Իլհամ Ահմեդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են աջակցության վերաբերյալ հարցեր: Ըստ տեղեկությունների, YPG-ի ներկայացուցիչները խնդրել են ավելացնել ռազմական և ֆինանսական աջակցությունը:
Թուրքիան Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (PYD) և դրա ռազմական թևը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG), համարում է ահաբեկչական կազմակերպություն և նույնականացնում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ»:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության հիմնական պատճառներից մեկն, Անկարայի կարծիքով, ԱՄՆ-ի բացահայտ աջակցությունն է Սիրիայի քրդական կազմակերպություններին՝ այն անվանելով «ահաբեկչականությանը» խրախուսող և նպաստող քայլ: