Հայաստանի երեք համայնքում համամասնական ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրության նախնական արդյունքներն ամփոփված են: Ստեփանավանում և Իջևանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը», Կապանում՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը: Լոռու մարզի Ստեփանավան համայնքում, նախնական արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 13 333 քաղաքացուց, 5107-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 38.3 %-ը:
Համայնքում ընտրությանը մասնակցող ուժերից, ըստ նախնական արդյունքների, առավելագույն քվե ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 4004 ձայն: Երկրորդը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 705 ձայն: Ամենաքիչ քվե ստացել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 218 ձայն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը:
Սյունիքի Կապան համայնքում, նախնական արդյունքների համաձայն, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացուց, 20 087-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 63.48 %-ը: Ընտրությանը մասնակցող երկու ուժից, ըստ նախնական արդյունքների, առավելագույն ձայն ստացել է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 13 962 քվե, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 5791 ձայն: Կապանում «Շանթ դաշինքի» ցուցակը գլխավորում է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:
Տավուշի մարզի Իջևան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացված ընտրության նախնական արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 33 090 քաղաքացուց 12 384-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 37.43 %-ը: Առաջադրված երկու ուժից առավելագույն ձայն ստացել է ՔՊ կուսակցությունը՝ 10 003 քվե: ՀՅԴ կուսակցությունն ստացել է 1964 ձայն: «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդական առաքելություն է իրականացրել 72 ընտրատեղամասում: Հասարակական դաշինքի արձանագրած խախտումները հիմնականում վերաբերել են քվեարկության գաղտնիությունը չպահպանելուն:
Դանիել Իոաննիսյան, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ - 19 տեղամասում արձանագրվել է քվեաթերթիկը ծրարի մեջ քվեախցիկից դուրս դնելու դեպքեր, արձանագրվել է 8 դեպք, երբ այլ անձ է մտել քվեախցիկ, այլ անձի տակ մենք նկատի չունենք ոչ անչափաս երեխային, ոչ էլ օրենքով սահմանաված կարգով օգնողին:
Իոաննիսյանի գնահատմամբ՝ հայտնաբերված խախտումները, այնուամենայնիվ, էական ազդեցություն չեն ունեցել ընտրողների ազատ կամարտահայտման վրա:
Դանիել Իոաննիսյան - Արտացոլում են ընտրողների կամքը, ընտրությունները համապատասխանում են ազատ և արդար ընթտրությունների չափորոշիչներին:
ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ և ահազանգեր չեն ստացել նաև իրավապահ մարմինները: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է՝ չեն եղել նաև քննության առնելու ենթակա ԶԼՄ հրապարակումներ:
Գոռ Աբրահամյան. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական - Տավուշի մարզի Իջևան համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ ստացվել է ընդամենը մեկ ահազանգ՝ առերևույթ կրկնակի քվեարկություն կատարելու փորձի վերաբերյալ, որի կապակցությամբ դատախազության հանձնարարությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր: Բացի նշվածը, այլ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր, հաղորդումներ չեն ստացվել:
Երեկ անցկացված ընտրություններն ավելի քիչ խախտումներով էին՝ նկատում է հասարակական դաշինքի ներկայացուցիչը՝ դրանք համեմատելով հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրության հետ: Դանիել Իոաննիսյանը, այնուամենայնիվ, քաղաքական ուժերի միջև բանավեճերի խթանման և հակադիր ուժերի մոտ փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտություն է տեսնում:
Դանիել Իոաննիսյան - Նախընտրական քարոզչության ընթացքում Հանրային հեռուստատեսությունը մի շարք փորձեր է կատարել Կապան համայնքում մրցապայքարին մասնակցող երկու ուժերի առաջին համարների հեռուստաբանավեճի կազմակերպման համար: Նույնիսկ առաջարկվել է, որ այդ բանավեճը լինի Կապանում: Այդուհանդերձ, այդ առաջարկները մերժվել են «Շանթ դաշինքի» կողմից՝ մեկնաբանվելով որպես անկարևոր մի միջոցառում:
Անցկացված ՏԻՄ ընտրության վերջնական արդյունքները և յուրաքանչյուր համայնքում կուսակցությունների ու դաշինքների ստացած մանդատների թիվը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի նոյեմբերի 21-ին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան