Թբիլիսիում նոր դատավարություն է սկսվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու դեմ։ Նոյեմբերի 15-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում առաջին դատը տեղի է ունեցել միայն փաստաբանների ներկայությամբ՝ հայտնում է DW-ն։
Վրաստանի քրեակատարողական ծառայությունը կրկին մերժել է Սաակաշվիլու ներկայությունը դատական նիստին՝ նշելով նրա անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը և առաջարկելով մեղադրյալին հեռավար կարգով միացնել դատավարությանը։
Դատախազությունը Սաակաշվիլուն մեղադրում է 9 միլիոն լարիի (մոտ 3 միլիոն դոլար) պետական միջոցների յուրացման համար։ Քաղաքական գործչի պաշտպանությունն ասում է, որ խոսքը Վրաստան այցելած օտարերկրյա պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների համար մի քանի կոստյում և նվերներ գնելու մասին է, և այդ գործընթացն անվանում է «բաճկոնների գործ»։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այն անվանում է «բոտոքսի գործ», քանի որ պնդում է, որ Սահակաշվիլին երկրի նախագահ եղած ժամանակ այդ գումարը ծախսել է մերսող պատվիրելով Գերմանիայից, իր շքախմբի հետ էլ շաբաթ-կիրակիները բազմիցս անցկացրել է աշխարհի տարբեր քաղաքներում:
Վրաստանի նախկին նախագահը հայրենիքում մեղադրվում է միանգամից մի քանի քրեական գործով: Նոյեմբերի 10-ին սկսվեցին 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության հանրահավաքը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերությունում ուժայինների իրականացրած գործողությունների վերաբերյալ լսումները։