Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Դուբայի ավիաշոուի մեկնարկից առաջ հայտնել է, որ մինչև տարվա վերջ Ռուսաստանը Հնդկաստանին կմատակարարի S-400 զենիթահրթիռային համակարգի առաջին խմբաքանակը՝ հայտնում է РИА Новости-ն:
S-400 Triumph-ը նոր սերնդի մեծ և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգ է։ Այն նախատեսված է ռազմավարական և մարտավարական ինքնաթիռներ, բալիստիկ հրթիռներ, հիպերձայնային թիրախներ և օդային հարձակման այլ զինատեսակներ ոչնչացնելու համար։
Այսպիսով, Հնդկաստանը դարձավ այդ համալիրների երրորդ օտարերկրյա գնորդը Չինաստանից և Թուրքիայից հետո։
Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենը նաև տեղեկացրել է, որ Հնդկաստանն ու Չինաստանը կարող են դառնալ նորագույն S-500 զենիթահրթիռային համակարգերի առաջին հավանական գնորդները:
S-500 Պրոմեթևս-ը հեռահար և մեծ բարձրության վրա գտնվող թիրախները վերացնելու բազմակողմանի հակահրթիռային պաշտպանության համալիր է: Այն ունակ է հայտնաբերել և միաժամանակ խոցել մինչև տասը բալիստիկ գերձայնային թիրախ, ներառյալ հիպերձայնային հրթիռների բլոկները։