Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և անդրադարձել Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելու որոշմանը: «Ըստ էության, կայացրել եմ քաղաքական կարևոր որոշում, և երբ այսօր առավոտյան պարոն Կարապետյանի հետ հանդիպում էինք, մի միտք ասաց, որին չեմ կարող չհամաձայնել և որը չեմ կարող չբարձրաձայնել: Նա իրավացիորեն նկատեց, որ պաշտպանության նախարարի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում թերևս ամենախոցելի կարգավիճակն է կամ ամենախոցելիներից մեկը: Ուզում եմ պարոն Կարապետյանին շնորհակալություն հայտնել այդ խոցելի կարգավիճակը ստանձնելու պատասխանատվություն և համարձակություն ունենալու համար, միևնույն ժամանակ պարոն Պապիկյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ընդունեց իմ որոշումը և փոխվարչապետի պակաս խոցելի կարգավիճակը, ըստ էության, փոխարինում է պաշտպանության նախարարի շատ խոցելի կարգավիճակով:
Հարգելի գործընկերներ, հարգելի գեներալներ և սպաներ, մեր երկիրը գտնվում է ռազմավարական լրջագույն մարտահրավերների առաջ, և մենք ուղղակի իրավունք չունենք այդ մարտահրավերները չկառավարել Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի շահերին համապատասխան: Գիտեք, շատ գնահատականներ կարող են լինել, այդ գնահատականները կարող են լինել էմոցիոնալ, պակաս էմոցիոնալ, բայց հստակ պիտի իմանանք մի բան, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, երկրի ղեկավարությունը հստակ պատկերացնում են՝ ինչ քայլեր են անհրաժեշտ երկիրն այս ռազմավարական մարտահրավերների խաչմերուկից բարեհաջող դուրս բերելու, տևական ու կայուն զարգացման ուղի մտցնելու համար, և մենք գնալու ենք այդ ճանապարհով:
Պարոն Կարապետյանին այսօր առավոտյան ասել եմ, որ շարունակում եմ իրեն համարել թիմակից: Գիտեք, որ Սուրեն Պապիկյանն իմ վաղեմի քաղաքական դաշնակիցն է և ուղեկիցը, և ուզում եմ այս տանիքի ներքո ևս մի անգամ անել հետևյալ հայտարարությունը.
2018 թվականից հետո՝ իմ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, չի եղել գեթ մեկ դեպք, երբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, Պաշտպանության նախարարությունն առաջ քաշեն խնդիր, որը Կառավարության լուծելիության տիրույթում է, և այդ խնդիրը չլուծվի: Այսպես լինելու է նաև սրանից հետո: Չեմ ուզում ասել՝ առավել ևս, որովհետև սրանից առաջ էլ պակաս չի եղել, բայց մենք կանգնած ենք մի շատ կարևոր և լրջագույն մարտահրավերի առաջ, որի լուծումը պարոն Կարապետյանը սկսել էր, և համոզված եմ՝ պարոն Պապիկյանը հաջողությամբ կշարունակի:
Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը մեր երկրի պետական ամենամեծ օրգանիզմն է, և այդ օրգանիզմը պետք է լինի առողջ, ֆունկցիոնալ առումով արդյունավետ, և որոշումները պետք է լինեն խոր, հիմնավորված, բխեն մեր ռազմական և ռազմավարական կարիքներից: Այս առումով ուզում եմ հենց այս նրբությունն ընդգծել, որի շուրջ մենք պիտի շարունակենք աշխատել»,- նշել է վարչապետը:
Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և ԶՈՒ սպայակազմին համատեղ աշխատանքի համար: «Ես բոլորին խնդրում եմ՝ համարեք սա իմ վերջին հրամանը. ամեն ինչ արեք, աջակցեք նոր նախարարին և համախմբվեք նոր նախարարի կողքին: Վստահ եմ, որ պարոն Պապիկյանը կարողանալու է շարունակել և իրագործել այն ծրագրերը, որ Կառավարությունը հաստատել է Զինված ուժերի մասով: Ես առանձին զրույց ունեցա պարոն Պապիկյանի հետ, հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ հարկ եղած դեպքում աջակցելու: Պարոն վարչապետ, շնորհակալ եմ վստահության համար և հուսով եմ, որ հաջորդ նախարարը էլ ավելի մեծ հաջողություններ կունենա: Շնորհակալություն համատեղ ծառայության համար»,- ասել է Արշակ Կարապետյանը:
Իր հերթին, նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Մեծարգո վարչապետ, պարոնայք գեներալներ, սպաներ, հարգելի գործընկերներ, այս պատասխանատու ու դժվարին ժամանակաշրջանում ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերակատարումը: Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այս պատասխանատու դերակատարումը վստահելու համար: Պատրաստ եմ զօր ու գիշեր ծառայել Հայաստանի Հարապետությանը»: