ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը և խմբի անդամները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 15-ին մասնակցել են Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) հիմնադրման 20-ամյակին նվիրված աշխատանքային համաժողովին:
Հրաչյա Հակոբյանը ողջույնի խոսքում համոզմունք է հայտնել, որ համաժողովը նոր շունչ կհաղորդի հայ-ուկրաինական հարաբերություններին: Պատգամավորը կարևորել է հայ համայնքի դերակատարությունն Ուկրաինայի կյանքում` նշելով, որ այն երկրի ակտիվ և կազմակերպված համայնքներից է:
Խոսելով ՈՒՀՄ-ի աշխատանքի մասին` Հրաչյա Հակոբյանը նշել է, որ միության գործունեությունը ներառում է մշակութային, մարզական, կրթական ոլորտները, հատուկ ուշադրության են արժանանում լեզվի և մշակութային ավանդույթների պահպանմանն ուղղված ծրագրերը: Նրա խոսքով` Հայաստանը և Ուկրաինան մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններ ունեն: Որպես բարեկամական խմբի ղեկավար` պատգամավորը կառուցողական փոխգործակցությունը խորացնելու և երկու երկրների շահերին միտված նախագծերի իրականացման հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանը բարձր է գնահատել Ուկրաինայի հայերի միության գործունեությունը: Պատգամավորի գնահատմամբ` պատահական չէ, որ հայ համայնքը Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքում ամենաակտիվներից է. հայ և ուկրաինացի ժողովուրդների հարաբերություններն ունեն պատմական հենք:
Իրենց ելույթներում հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների կարևորությունը և հայ համայնքի դերն են ընդգծել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիկտոր Գոնչարը, Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ Դարյա Վոլոդինան: ՈՒՀՄ-ն համաուկրաինական կազմակերպություն է, որի գործունեության հիմքում հայանպաստ նախաձեռնություններին օժանդակելն է:
Հայ-ուկրաինական հարաբերությունների խթանման գործում ակտիվ դերակատարում ունենալու համար Հրաչյա Հակոբյանը պարգևատրվել է: Պարգևատրվածների շարքում են եղել նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկը և խմբի անդամ Դարյա Վոլոդինան: