«Լուրերի» թղթակիցը Կապանի 35/08 ընտրատեղամասից հայտնում է, որ այսօր առավոտյան մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները. ժամը 08.00-ին բացվել են բոլոր 52 ընտրատեղամասերը:
Հիշեցնենք, որ ընտրապայքարին մասնակցում է երկու քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և «Շանթ» դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը, «Շանթ» դաշինքը ներկայացնում է Կապանի գործող ղեկավարը՝ անկուսակցական Գևորգ Փարսյանը:
Այն մասին թե ինչ ակտիվություն են մինչ այս ժամը դրսևորել համայնքի բնակիչները, հայտնեց թիվ 35 ընտրատեղամասի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը։
«Թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովի ցուցակներով ունենք 31644 ընտրող. ժամը 11։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 5640 ընտրող, տոկոսային հարաբերությամբ՝ 17.25 տոկոս»,- ասաց նա։
Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ ընտրողները նախորդ տարիներին ևս նմանատիպ ակտիվություն են ցուցաբերել։
«Մասնակցությունը նորմալ է ընթանում և՛ գյուղերում, և՛ քաղաքում: Ոչ մի խնդիր չի եղել, ամեն ինչ հանդարտ ընթացքի մեջ է»,- վստահեցրեց Սարգսյանը։
Իր հերթին, 35/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արթուր Արզումանյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ընտրատեղամասում մասնակցությունը բարձր է. ժամը 13.00-ի դրությամբ մասնակցել է 392 ընտրող, որը կազմում է ընդհանուր մասնակիցների 32 տոկոսը. տեղամասում կա 1312 ընտրող։
«Չկան կեղծարարություններ, չկա որևէ խնդիր անձնագրերի հետ կապված. մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»,- տեղեկացրեց նա։
Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից, ՏԻՄ ընտրությունների ընտրողների թիվը սեպտեմբերի 16-ի դրությամբ Կապան համայնքում 31820 է: