Ապաշրջափակումն իհարկե զգալի կփոխի իրադրությունը տարածաշրջանում, սակայն մինչև այդ էլ Հարավային Կովկասում խոշոր խաղացողները որոշակի վերադասավորումներ են սկսել: Մասնավորապես, սերտանում են ռուս-իրանական հարաբերությունները:
Այս երկու պետություններն էլ բավականին լարված հարաբերություններ ունեն արևմուտքի հետ, հետևաբար ոչ միանշանակ է նաև վերաբերմունքը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային: Իսկ Հարավային Կովկասը այս երեք պետությունների շահերի բախման գոտին է: Պատմական տարբեր փուլերում, այս երեքից երկուսի հարաբերությունները սերտացել են՝ որպես կանոն ուժերի դասավորությունը փոխելով ամբողջ տարածաշրջանում:
Փորձագետների գնահատմամբ, մի շարք գործոնների ազդեցությամբ, այժմ ջերմանում են Իրանի ու Ռուսաստանի կապերը: