Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 5 համայնքում: Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ:
Իջևանը խոշորացված համայնք է, որը ներառում է 19 բնակավայր: Իջևան համայնքի խոշորացումից հետո այստեղ առաջին անգամ են անցկացվում ավագանու ընտրություններ։ Ժամը 08.00-ի դրությամբ բոլոր 30 ընտրատարածքները բացվել են և սկսել իրենց բնականոն գործունեությունը:
«Լուրերի» թղթակիցը զրուցել է 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանի հետ։ Վերջինս նշել է, որ թիվ 38 ընտրատարածքում ընտրողների թիվը 33 հազար 90 է:
«Ժամը 11.00-ի դրությամբ մասնակցությունը 6 տոկոս էր, սակայն 14։00-ի դրությամբ բավականին ակտիվացավ։ Ես մտածում եմ՝ ցուրտն էր պատճառը, որ ժողովուրդը դուրս չէր եկել. արդեն 14։00-ի դրությամբ 17.01 տոկոս է դարձել մասնակցությունը»,- ներկայացնելով Իջևանում ընտրությունների ակտիվության հետ կապված իրավիճակը՝ ասաց Աիդա Սարգսյանը։
Նա նշեց, որ թե՛ գյուղում, թե՛ քաղաքում ընտրողների նույն մասնակցությունն է։
«Ժամը 15.00-ի դրությամբ որևիցե դիմում-բողոք չենք ունեցել. նախագահների հետ աշխատանքը տարվել է, ոչ մի նախագահ ոչ մի ահազանգ չի արձանագրել։ Հանգիստ ու խաղաղ են անցնում են ընտրությունները»,- հայտնեց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է հակահամաճարակային կանոնների պահպանմանը, ապա նա նշեց, որ COVID 19-ի հետ կապված անհրաժեշտ միջոցները տրամադրվել են, նաև պահպանվում է սոցիալական հեռավորությունը։
Թիվ 38/1 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էմմա Պետրոսյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում էլ հայտնեց՝ նորմալ վիճակ է ընտրատեղամասերում:
«310 հոգի արդեն այս պահի դրությամբ մասնակցել է ընտրությանը։ Ընդհանուր առմամբ, շատ խաղաղ է անցնում. սովորականից ավելի պասիվ է մասնակցությունը. միջադեպ չի եղել, ոչ մի խոչընդոտ չի եղել»,-ասաց նա։
Պետրոսյանը նշեց, որ նշված ընտրատեղամասում գրանցված է 1580 ընտրող։ Նրա խոսքով՝ քաղաքացիները շատ լավ են տիրապետում ընտրական գործընթացին:
«Անվավերներ գրեթե չի լինում. շատ քիչ քանակություն է լինում»,- հայտնեց Էմմա Պետրոսյանը։