Արցախի կառավարությունն արդեն 1 միլիարդ 820 միլիոն դրամ է փոխանցել 2020 թվականի պատերազմի հետևանքով նյութական վնասներ կրած քաղաքացիներին և կազմակերպություններին: Պետական հանձնաժողովն ուսումնասիրում է 2500 դիմում:
Մարատ Հասրաթյան (Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ) - Դրանցից 1438-ի վերաբերյալ արդեն կայացվել են որոշումներ, դրանք փուլ-փուլ ներկայացվել են պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերող հանձնաժողովին՝ 5 որոշումներով:
Դիմումների գնահատմանը զուգահեռ՝ աշխատանքային խմբերը շարունակում են դիմումներ ընդունել այն ֆիզիկական և իրավաբանական անձանցից, որոնք ռազմական գործողությունների պատճառով կորցրել են ոչ բնակելի գույք, պտղատու այգի, ավտոմեքենա, գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա, անասուններ և մեղվափեթակներ: Աջակցությունը տրամադրվում է ոչ թե շուկայական արժեքի չափով, այլ բանաձևով, որտեղ կադաստրային արժեքը բազմապատկված է գույքի յուրաքանչյուր տեսակի համար նախապես որոշված գործակցով:
Արմեն Հայրապետյան (դիմումներն ընդունող աշխատանքային խմբի ղեկավար) - Այս պահի դրությամբ ընդունվել են մոտ 9 հազար քաղաքացիներից դիմումներ, որոնց մեծ մասը հենց Ստեփանակերտ քաղաքում է ընդունվել՝ այս գրասենյակում: Մոտ 2 հազար դիմում ընդունել է ՀՀ Երևան քաղաքի մեր աշխատանքային խումբը:
Եթե պետական աջակցության չափը գերազանցում է 5 միլիոն դրամը, քաղաքացին կամ կազմակերպությունը ստանում է գանձապետական հասարակ մուրհակ: Արցախի կառավարությունն արդեն թողարկել է 1 միլիարդ 250 միլիոն դրամի մուրհակ: Այն ունի 5 տարվա ժամկետ, 7 տոկոս տարեկան եկամտաբերություն:
Նորայր Ավանեսյան (Արցախի ֆինանսների նախարարի տեղակալ) - Տոկոսային եկամուտները հաշվարկվում են մուրհակի թողարկման օրվանից՝ եռամսյակային պարբերականությամբ, և տոկոսային եկամուտները վճարվելու են յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող մինչև ամսվա 15-ը:
Գանձապետական հասարակ մուրհակները հնարավոր չէ գրավադրել կամ օտարել: Փոխարենը կառավարությունը պարտավորվում է վաղաժամկետ մարել դրանք, եթե մուրհակատերը բիզնես ծրագիր է սկսում Արցախում կամ ունի վարկային, հարկային պարտավորություն: