Օրը շաբաթ է ու ոչ աշխատանքային: Հասարակական տրանսպորտը շարունակում է խախտումներով, նաև գերբեռնված երթևեկել, մինչդեռ համավարակի օրերին այն պետք է սահմանված կանոններով աշխատի: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումներն այսօր Կենտրոնում էին:
Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի պետ) - Բուժակի և մեխանիկի նշագրումը չկա, այսօր ամսի 13-ն ա: Պատասխանատվությունը մինիմալ աշխատավարձի 30-ապատիկի չափով, այսինքն՝ 30000 դրամի չափով վարչական տույժ ա ենթադրում: Սա նշանակում ա, որ բուժակն ամեն առավոտ, երբ երթի ա դուրս գալիս, պետք ա վարորդի առողջական վիճակը ստուգի, և մեխանիկը ստուգի տեխնիկական վիճակը:
Օրվա խախտումները հիմնականում կապված էին տաքսիների հետ: Տեսուչներն ու պարեկները 4 արձանագրություն կազմեցին, քանի որ վարորդներն առանց դիմակի էին, մինչդեռ ըստ կարգի, եթե մեքենայում մեկից ավելի մարդ կա, պետք է բոլորը դիմակ կրեն: Պարեկն ասում է՝ թող 10 հազար դրամ տուգանվեն, որ հաջորդ անգամ դիմակ կրեն:
Արտակ Սաֆարյան (ՃՈ պարեկ) - Դիմակով էին, բացի վարորդից: Վարորդներին նախազգուշացվել է, որ պետք է անպայման կրեն դիմակ: Մեր վարորդը փաստացի չի կրում դիմակ, դրա համար արձանագրում ենք:
Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ եթե հասարակական տրանսպորտում վերահսկողությունը թուլացնեն, պատկերը կփոխվի, ու խախտումները կկրկնապատկվեն: Տուգանքը ինքնանպատակ չէ, տեսուչներն ասում են՝ հիմա ստիպված են անկարգապահ վարորդի և ուղևորի գրպանին կպնում, որ նրանց հանրային գիտակցությունն էլ փոխվի:
Արման Քալաշյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ) - Առաջ ավելի շատ էին խախտումները: Հիմնականում մեր ստուգումներից ելնելով ա, որ նվազում են խախտումները: Դա պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահենք:
Այս շաբաթ տեսուչները 150 մշտադիտարկումից ընդամենը 20 արձանագրություն են կազմել. նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում խախտումներն էականորեն նվազել են, բայց տեսչական մարմինները զգոնությունը թուլացնել չեն պատրաստվում: