ՀՈՆԿՈՆԳ
ՀՈՆԿՈՆԳԻ ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՋՐԱՇԽԱՐՀԻ ԲԱՑՈՒՄԸ
Հոնգկոնգի Օվկիանոսային զբոսայգու ջրաշխարհը պաշտոնապես դռներն է բացել հարյուրավոր տեղացիների համար, որոնք այնտեղ այցելելով, հույս ունեն մի փոքր թոթափել համաճարակից առաջացած հոգնածությունը: Իհարկե Քովիդ-19-ով պայմանավորված անվտանգության միջոցառումներն անտեսված չեն. ջրաշխարհի ատրակցիոնների միայն մի մասն է գործում: Եվ չնայած դրան, այցելուների ուրախությանը չափ ու սահման չկա: Նրանք ասում են, որ վերջապես Հոնկոնգում էլ ջրաշխարհ բացվեց, քանի որ, որքան էլ զարմանալի է, բավականին զարգացած այդ կղզում նման ատրակցիոն չկար:
Լաու Մինգ-Ուայ (Օվկիանոսային զբոսայգու կորպորացիայի նախագահ) - Կարծում եմ, որ մենք բավական երկար ենք աշխատել այս նախագծի ուղղությամբ: Այն անընդհատ ձգձգվում էր: Հոնկոնգում ժամանցի շատ տարբերակներ կան, բայց մարդիկ դրանք գրեթե բոլորն արդեն փորձել են: Ուստի հարկավոր էր մի նոր բան առաջարկել: Ահա թե ինչու, որոշեցինք բացել այս՝ համաշխարհային չափանիշներին համապատասխանող բարձրակարգ ջրաշխարհը: Հույս ունեմ՝ այն դուր կգա մարդկանց և հաճույք կպատճառի նրանց:
Իրականում ջրաշխարհը պետք է այցելուների ընդուներ դեռևս 2017 թվականին, սակայն անընդհատ ինչ-ինչ պատճառներով բացումը հետաձգվում էր: Այս ջրաշխարհը երկու անգամ ավելի մեծ է, քան Հոնկոնգի նախկին ջրաշխարհը, որը փակվել է 1997 թվականին:
ԿԱՄԲՈՋԱ
ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔ՝ ՀՐԴԵՀԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ
Կամբոջացի մի խումբ ուսանողներ որոշել են պայքարել իրենց հայրենի մայրաքաղաք Պնոմպենում խցանումների դեմ և ստեղծել են անօդաչու թռչող սարքի նախատիպ, որը նստելով կարելի է հանգիստ մի վայրից մյուսը տեղափոխվել ու նույնիսկ օգնել հրդեհաշիջման աշխատանքներին:
Ութ պտուտակ և օդաչուի նստատեղի համար դպրոցական աթոռ ունեցող այս թռչող սարքը ստեղծել են Կամբոջայի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողները: Նրանք այն անվանել են «Էն Փի Այ Սի մարդ փոխադրող դրոն»: Չորս մարտկոցով աշխատող անօդաչու թռչող սարքի նախատիպը կարող է մինչև 60 կիլոգրամ քաշ ունեցող մարդու տեղափոխել և 4 մետր բարձրությամբ առանց դադարի թռչել 10 րոպե:
Լոնհ Վանսիթ (ուսանող) - Մենք ցանկանում էինք որոշ խնդիրներ լուծել մեր հասարակության համար, ուստի որոշեցինք պատրաստել անօդաչու թռչող տաքսի և հրշեջների համար նախատեսված թռչող մեքենա: Դա կարող է բարձրանալ շենքի այն հարկերը, որոնք հրշեջ մեքենայի համար անհասանելի են:
Անօդաչու թռչող սարքի նախատիպի ստեղծման համար պահանջվել է 20 հազար դոլար և 3 տարի: Ուսանողները կարծում են, որ ևս 2 տարուց դրոնն ամբողջությամբ պատրաստ կլինի և կփորձարկվի:
ՀՈՐԴԱՆԱՆ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԿՈՒՂԻՑ
Տարիներ շարունակ հորդանանցի Մուհամեդ Մալհասը երազել է ինքնաթիռ կառավարելու մասին: Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով նա ոչ մի կերպ չի կարողացել հայտնվել օդաչուների համար նախատեսված խցիկում: Իսկ այժմ թոշակի անցած 77-ամյա տղամարդն ամեն օր ինքնաթիռով թռչում է իր նկուղից: Մալհասն ինքն է պատրաստել օդաչուների համար նախատեսված այս խցիկն իր տան նկուղում: Նա այնպիսի սարքավորումներով է հագեցրել «Սեսնա 128» մակնիշի իր ինքնաթիռի խցիկը, որ իսկապես տպավորություն է, ասես, իրական օդանավ է վարում և ճանապարհորդում է աշխարհով մեկ:
Մուհամեդ Մալհաս (թոշակառու) - Երբ գալիս եմ այստեղ, ինձ թվում է, թե գնում եմ օդանավակայան՝ թռչելու և այլ երկիր մեկնելու: Երբեմն խնդրում եմ կնոջս, որ գա և մասնակցի իմ թռիչքին: Նա էլ ասում է, թե անձնագիրը պետք է համապատասխան կնիք ունենա, որ կարողանա իսկապես ճանապարհորդել:
Մալհասը 40 տարի աշխատել է հիվանդանոցում՝ որպես մենեջեր և կարողացել է որոշակի գումար խնայել ու Ամանի ավիացիոն ակադեմիայում մեկ շարժիչով ինքնաթիռով թռչելու լիցենզիա է ստացել: Երեք երեխաների հայրն սկսել է իր օդանավի խցիկը կառուցել թոշակի անցնելուց մի քանի տարի առաջ: Նրանից չորս տարվա ինտենսիվ աշխատանք է պահանջվել՝ գործն ավարտին հասցնելու համար:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ԲԱԴԻԿՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՎԱԶՔ
Անգլիայի Քենթերբերի քաղաքի Սթաուր գետի ափին տասնյակ մարդիկ են հավաքվել՝ հետևելու պլաստմասայե բադիկների ամենամյա մրցավազքին: Միջոցառման կազմակերպիչը տեղական Ռոտարի ակումբն է, որի նպատակն է գումար հայթայթել՝ տեղական ու միջազգային կարիքները հոգալու համար: Գետում, այսպես կոչված, «մրցավազքին» մասնակցել է ավելի քան չորս հազար դեղին բադիկ: Յուրաքանչյուր խաղալիքի դիմաց վճարվել է մեկ ֆունտ ստեռլինգ: Հաղթող ճանաչված բադիկի տերը ստացել է 250 ֆունտ ստեռլինգ մրցանակ:
ՖՐԱՆՍԻԱ
ՓԱՐԻԶԸ ՎԵՐԵՎԻՑ. ԱՆՎԱԽ ԼԱՐԱԽԱՂԱՑԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Փարիզի ամենահայտնի հուշակոթողի՝ Էյֆելյան աշտարակի մոտ ֆրանսիացի լարախաղաց Նաթան Պաուլինը բոբիկ անցել է գետնից 70 մետր բարձր՝ աշտարակի առաջին հարկից կապված ճոպանի վրայով: Իհարկե երիտասարդի անվտանգությունն ապահովված է եղել, սակայն նա դրա կարիքը չի ունեցել, քանի որ բարեհաջող կարողացել է անցնել 600 մետր երկարությամբ ճոպանի վրայով և էյֆելյան աշտարակից հասել Շայլոյի թատրոն: Ժամանակ առ ժամանակ նա նստել կամ պառկել է պարանի վրա և հանգստացել: Փորձությունը հաղթահարել է կես ժամում:
Նաթան Պաուլին (լարախաղաց) - Էյֆելյան աշտարակից սկսելն իսկապես գեղեցիկ էր: Փորձությունը հաղթահարելիս ոչինչ չեմ զգում, նկատի ունեմ` բարձրությունից չեմ վախենում: Վերևից տեսարանն, իհարկե, հիասքանչ էր, չնայած՝ հիմնականում աշխատում էի առաջ նայել, այլ ոչ թե՝ ներքև:
27-ամյա Պարուլինն արդեն տասը տարի զբաղվում է լարախաղացությամբ, մինչդեռ մանկության տարիներին բարձրությունից վախեցել է: Այս վերջին ելույթի համար նա նախապատրաստվել է չորս տարի:
ՖՐԱՆՍԻԱ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱԳԵՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Ֆրանսիական ավանդական բագետի պատրաստման համար հարկավոր է չորս բաղադրիչ` ալյուր, խմորիչ, ջուր և աղ, սակայն յուրաքանչյուր արհեստավարժ հացթուղ լավագույն բագետի` իր գաղտնիքն ունի: Նրանցից է Սեբաստիան Մովյուն: Նա 2012 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացված «Փարիզի լավագույն բագետ» կոչվող մրցույթի հաղթողն է: Այս տարի ևս մտադիր է մասնակցել: Նա մրցելու է Փարիզի 100-ից ավելի լավագույն հացթուխների հետ: Իսկ հաղթողն արժանանալու է Ելիսեյան պալատ բագետ մատակարարելու պատվին: Նախկինում նվաճած հաղթողի տիտղոսը մեծապես խթանել է իր բիզնեսը:
Սեբաստիան Մովյու (հացթուխ) - Մենք օրեցօր մեր օրական թխվող ավանդական բագետների թիվը 300-ից հասցրեցինք 900-ի: Մեծ հերթեր էին գոյանում մեր խանութի առջև: Զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսները մեծաթիվ գնորդների էին բերում մեզ մոտ:
Փարիզի լավագույն բագետը որոշվում է` հաշվի առնելով այն, թե ինչպես է թխվել, ինչ համ ունի, խրթխռթան է, թե` ոչ, որքան պղպջակներ ունի ներսում և ինչ չափսի է: Հատկանշական է, որ ավանդական բագետը պատրաստվում է առանց հավելումների: Ըստ Մովյուի, ամբողջ գաղտնիքը դրա պատրաստման տեխնիկան է:
Թխելուց առաջ նա ամբողջ գիշեր խմորի գնդերը թողնում է սառը սենյակում, որպեսզի պատրաստի բագետներն ինքնատիպ բույր ունենան: Ամենալավ բագետին ժամանակ է հարկավոր` հասունանալու համար: Մովյուի հաճախորդները վստահեցնում են, որ նրա խանութ այցելելիս նվազագույնը 3 բագետ են գնում. մեկը ճանապարհին ուտելու, երկրորդը ճաշի համար, իսկ 3-րդը պահում են սառցախցում` հետագայում վայելելու նպատակով:
ԱՐԳԵՆՏԻՆԱ
ՀՍԿԱ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐ՝ ԳԵՏԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արգենտինայի Նիկոլաս Դե Լոս Արոյոս քաղաքում, որով հոսում է Պարանա գետը, կարելի է հանդիպել հսկա որմնանկարների, որոնք արտացոլում են տարածաշրջանի բնապահպանական գլխավոր խնդիրներից մեկը: Ջրի մակարդակն այստեղ կտրուկ իջել է, ինչը հարված է հասցրել երկրի հացահատիկի առևտրին: 40 մետր բարձրությամբ այս երկու նկարների ստեղծման հիմքում գետի հունի նվազման թեման է: Այս տարի Պարանան հասել է իր ամենացածր մակարդակին վերջին 80 տարվա ընթացքում: Իսկ երաշտը հանգեցրել է անտառային հրդեհների աճին:
Մարտին Ռոն (որմնանկարիչ) - Երբ եկա Սան Նիկոլաս, ինձ ապշեցրեց Պարանա գետի ջրի չափազանց ցածր մակարդակը: Այն կերպարները, որոնց նկարում եմ, այսպես թե այնպես, փոխազդեցության մեջ են հայտնվում այն վայրի հետ և այն համատեքստում, որտեղ ստեղծվում են: Ես իմ որմնանկարներով բնապահպանական խնդրի վերաբերյալ ուղերձ եմ հղել մարդկանց:
Պարանա գետը սկիզբ է առնում Բրազիլիայից, հոսում է Պարագվայի միջով ու հասնում Արգենտինա: Հենց այդ գետով են անցնում այն նավերը, որոնք Արգենտինայի սոյայի, եգիպտացորենի և ցորենի արտահանվող բերքի 80 տոկոսը տանում են արտասահման: Պարանա գետից է կախված Արգենտինայի տնտեսության որպիսությունը: Արգենտինացի որմնանկարիչը լիահույս է, որ իր աշխատանքներով կարող է ահազանգ հնչեցնել և ստիպել մարդկանց միջոցներ ձեռնարկել` բնապահպանական այս անչափ կարևոր խնդիրը լուծելու համար:
ԱՄՆ
ԱՃՈՒՐԴԻ ԿՀԱՆՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
«Սոթսբի» աճուրդի տունը պատրաստվում է մեծ վաճառքի հանել ԱՄՆ-ի Սահմանադրության պաշտոնական առաջին տպագիր բնօրինակի բացառիկ նմուշը: Այն ստորագրել են Ամերիկայի հիմնադիր հայրերը՝ 1787 թվականին, Ֆիլադելֆիայում: ԱՄՆ-ի պատմության համար այս հազվագյուտ գանձը գնահատված է 15-20 միլիոն դոլար:
Սելբի Քիֆեր («Սոթսբի» աճուրդի տան աշխատակից) - Սա պաշտոնական տպագրություն է, ԱՄՆ-ի Սահմանադրության վերջնական տեքստի առաջին տպագրությունը: Սրանից ընդամենը 11 օրինակ է պահպանվել: Իսկ սա միակն է, որը մշտական ինստիտուցիոնալ հավաքածուի մեջ ներառված չէ:
Սահմանադրության այս բնօրինակը վերջին անգամ վաճառվել էր 1988 թվականին, 165 հազար դոլարով: Այն ձեռք էր բերել արդեն հանգուցյալ Հովարդ Գոլդմանը: Նա ամերիկյան ինքնագրերի, պատմական փաստաթղթերի և ձեռագրերի մասնավոր հավաքորդ էր: Այժմ Սահմանադրությունն աճուրդի է հանել նրա կինը՝ Դորոթի Գոլդմանը:
«Սոթսբի» աճուրդի տնից հայտնել են, որ վաճառքից ստացված հասույթը տրամադրելու են նրա անունով բացված բարեգործական հիմնադրամին, որը զբաղվում է ժողովրդավարության մասին հասարակության ընկալումը զարգացնելով: