Ճաշասենյակի թանկարժեք ջահից մինչև լոգարանի սալիկների վիճակ․ ինքն ամեն ինչ հաշվի է առնում բնակարանի արժեքը որոշելիս՝ կազմած հերթական գործը թերթելով բացատրում է անշարժ գույքի գնահատման սեփական գործակալությունն ունեցող Գագիկ Ասրյանը։ Մասնագետի կողմից տունը գնահատելու կարիք առաջանում է, երբ ամուսինները դատարանով բաժանվում են՝ պետք է կիսեն ունեցվածքը, կամ վարկի համար բանկում գրավ են դնում։ Լինում են դեպքեր՝ գնահատողը կողմերից մեկի օգտին է եզրակացություն տալիս՝ համակարգի բացերը չի թաքցնում Ասրյանը։
Գագիկ Ասրյան («Տիտան-օպտիում» գնահատման գործակալության տնօրեն) - Բանկերն ընդհանրապես պահանջում են իրենց գնահատողներից, ուզում են ներքևի սահմանի մոտ գնահատեն, բոլորն էլ խեղճ-խեղճ ենթարկվում են: Ճիշտն ասած՝ էդ էլ ա սխալ, բայց լինում են դեպքեր, երբ մարդը, ակնհայտ երևում ա՝ վերցրել ա նենց դեպք, երբ բերել ա բարձր արժեքների, եղել ա տենց դեպքերը, բարձր են գնահատել, հետո դա մնացել ա բանկի վրա:
Ի դեպ, բանկի համար տուն գնահատելը եթե արժե միջինը 15 հազար դրամ, դատական վեճի հասած գույքի դեպքում այդ գինը հասնում է 50 հազարի։ Նույն գույքի տարբեր գնահատականներից ո՞րն է արժանահավատ՝ դատարանը հիմք է ընդունում Փորձաքննությունների ազգային բյուրոյի կամ փորձագիտական կենտրոնի տված թիվը, որին, պարզվում է՝ պետք է շատ երկար սպասել՝ ասում է ոլորտի մի խումբ ներկայացուցիչների միավորող կառույցի ղեկավարը։
Վահրամ Սաֆարյան («Գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միություն» ՀԿ նախագահ) - Փորձագիտական կենտրոնը չունի գնահատող, որ աշխատավարձը ցածր է, բյուրոյում էլ ցածր է, բայց այնտեղ խոսակցություն կա, որ բարձրանալու է:
Սաֆարյանն առաջարկում է դատարանում գույքային վեճերի լուծումն արագացնել՝ վերջնական եզրակացությունը վստահելով անկախ հանձնաժողովին, որը կձևավորեն ինքնակարգավորվող միությունները։ Դրանց անդամակցելը գնահատողի համար պարտադիր կդառնա, դասընթացներ կլինեն։ Գաղափարը Կադաստրում հավանել, սկզբում նույնիսկ ներառել են գնահատումների ոլորտի համար մշակած օրինագծում, հետո.
Վահրամ Սաֆարյան - Երբ e-draft-ում դրված էր, մենք առաջարկել էինք, ու Կադաստրի հետ եկել էինք կոնսենսուսի, բայց ԱԺ գնացած տարբերակում հանված է:
Նախագիծը լրացուցիչ ուսումնասիրելու համար Ազգային ժողովն այս շաբաթ 2 ամսով հետաձգեց փաթեթի քննարկումը։ Այն կարևոր մի քանի հարց է լուծում՝ պարտադիր գնահատման ենթակա գույքի համար հաշվետվողականություն մտցնելով՝ արագ, մինչև քրեական գործերով ի հայտ գալը, ջրի երես կհանի կասկածելի գործարքները, թույլ չի տա գյուղապետ-քաղաքապետարաններում կոպեկներով ծախեն կամ վարձով տան համայնքային գույքը. օրինագծից սպասվող արդյունքներն է թվարկում Կադաստրի ներկայացուցիչը։
Հմայակ Հակոբյան (ՀՀ կադաստրի կոմիտեի գույքագրման և շուկայի վերլուծության վարչության պետ) - Առաջարկում ենք նաև պարտադիր գնահատման դեպքերն ավելացնել՝ պետական և համայնքային գույքը վարձակալության տալու դեպքերը, այդ կարիքների համար գույք ձեռք բերելը, ինչպես նաև գույքի սեփականատիրոջը սնանկ ճանաչելու, հրապարակային սակարկությունների դեպքերը:
Ըստ Հմայակ Հակոբյանի՝ նախագիծը նաև Հայաստանի գնահատման ոլորտը սինքրոնացնելու է 2025 թվականից ազատականացվող ԵԱՏՄ շուկայի պահանջներին։ Խնդիրն այն է, որ մեր մասնագետները մինչև հիմա քննություն տալիս վկայական են ստանում միայն անշարժ գույքը գնահատելու համար։ Որքան էլ տարօրինակ թվա, շարժականի, ասենք՝ բանկի գրավի համար մեքենա գնահատողի առաջ պետությունը ոչ մի պահանջ չունի սահմանած։ Նույնը նաև՝ մինչև իսկ 5 մլն դրամ վաստակելով բիզնես կամ ապրանքանիշ գնահատողների համար։
Այդ ամենով զբաղվողներին այժմ, ԵԱՏՄ-ի պես, մեզ մոտ էլ են մտադիր մեկ ընդհանուր վկայական տալ։ Ում ընդհանուրը պետք է, թող նա վերաորակավորվի՝ անշարժ գույք գնահատելու իր անժամկետ սերտիֆիկատը չի ուզում փոխել Գագիկ Ասրյանը։
Գագիկ Ասրյան - Սա իմ իրավունքի խախտումն ա սահմանադրորեն, մենք առաջարկում ենք սա թողնել ուժի մեջ, երկրորդ ձևը ստեղծեն, որ լինի գնահատող բիզնես:
Երկրում սերտիֆիկացված 120 գնահատող կա, վկայական չունեցողների թիվը հայտնի չէ․ հո չի՞ լինի բոլորի կամքով գնան։ Օրենքն ընդունվի՝ գնահատողի հավակնորդը 6 ամսում երեք անգամ քննություն հանձնելու հնարավորություն կստանա՝ վճռական են Կադաստրում։
Հմայակ Հակոբյան - Եթե գնահատողը երեք անգամ պետք է տապալվի, ավելի լավ է տանը նստի ու իր վրա աշխատի։
Առաջարկ-քննարկումներով օրինագիծը վերջնական տեսքի բերելու համար Կադաստրն ու գնահատողներն ունեն ուղիղ 2 ամիս։