ՊՈՒՏԻՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍ-ԼԵՀԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՃԳՆԱԺԱՄԻՆ
Բելառուս-Լեհաստան սահմանի ճգնաժամը լուծելու համար Եվրամիության և Բելառուսի միջև պետք է կապ հաստատվի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն և կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ են քննարկելու հարցը. Պուտինը հույս է հայտնել, որ դա շուտով տեղի կունենա։ Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ Լուկաշենկոն երբեք չի քննարկել Եվրոպա ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու հնարավորությունը։
ԻՐԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԵՎՐՈՊԱ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԸ
Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին թվիթերյան գրառմամբ անդրադարձել է եվրոպական երկրներ կատարած իր այցին և դիվանագիտական խորհրդակցություններին: «Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Իսպանիա կատարած իմ այցի ընթացքում ես լուրջ և կառուցողական բանակցություններ եմ ունեցել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի, այդ թվում՝ առաջիկա բանակցությունների շուրջ»,- նշել է Բաղերին և ընդգծել անօրինական պատժամիջոցների արդյունավետ չեղարկման և դրանց չկրկնվելու կարևորությունը:
ԿԻԵՎԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒՆ
Կիևը հուսով է, որ հնարավոր կլինի համագործակցել Թբիլիսիի հետ՝ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն Ուկրաինա վերադարձնելու հարցում՝ հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը: Դավիթ Արախամիան հայտնել է, որ արդեն 100-ից ավելի ստորագրություն է հավաքվել ուկրաինացի խորհրդարանականներից՝ դիմելու Վրաստանի նախագահին խնդրանքով, որպեսզի Սաակաշվիլուն ճիշտ բուժօգնություն ցուցաբերվի: Արախամիան հիշեցրել է, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է:
ՌԴ-ՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՆՑԵԼ Է 9 ՄԻԼԻՈՆԻՑ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը համավարակի բռնկումից ի վեր գերազանցել է 9 միլիոնը: Վերջին 24 ժամում երկրում մահացության ռեկորդային թիվ է գրանցվել՝ 1241 մահ: Համավարակի ամբողջ ընթացքում Ռուսաստանում մահացել է 254167 մարդ:
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ 96 ՏՈԿՈՍԸ ՊԱՏՎԱՍՏՎԱԾ ՉԷ
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը նոր վիճակագրություն է հրապարակել: Վրաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների 95,92%-ը եղել է չպատվաստված, հոսպիտալացվածների 94,4%-ը, Covid-19-ից մահացածների 98,96%-ը նույնպես եղել է չպատվաստված: Վերջին 24 ժամում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4565 նոր դեպք, ապաքինվել է 2285 պացիենտ, մահացել է 78 մարդ։
ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Բրազիլիայի Սահմանադրական դատարանը գործատուներին թույլատրել է աշխատանքից ազատել չպատվաստվածներին: Դատավոր Լուիս Ռոբերտու Բարոզուի կարծիքով՝ չպատվաստված աշխատակիցների ներկայությունը աշխատավայրում կարող է վտանգավոր լինել մյուս աշխատողների, ինչպես նաև հաճախորդների առողջության համար: Դատավորը համարում է, որ պատվաստված լինելու պահանջից կարող են ազատվել միայն հակացուցում ունեցող քաղաքացիները, որոնք էլ պետք է պարբերաբար թեստավորվեն: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ 213 մլն բնակչություն ունեցող Բրազիլիայում ամբողջությամբ՝ երկու դեղաչափով, պատվաստվել է արդեն ավելի քան 126 մլն մարդ: Համավարակի սկսվելուց ի վեր՝ երկրում վարակվել է 22 մլն մարդ, արձանագրվել է մահվան 610 հազար դեպք: