Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։
«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն՝ անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։
Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը:
Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին` Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում:
Հայտնենք՝ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը որոշ ժամանակով երկկողմանի փակվելուց հետո բացվել է: