ՓԱՐԻԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին Փարիզում իրենց ռուս գործընկերներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննակել են Հարավային Կովկասը:
Ֆրանսիական կողմն անդրադարձել է նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի համատեղ գործողությունների անհրաժեշտությանը «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի» հասնելու համար: Ռուսաստանի արտգործնախարարությունը, ամփոփելով Ռուսաստանի գլխավոր դիվանագետի Ֆրանսիա կատարած այցը, գրել է, որ Արցախի հարցի կարգավորման թեմային անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության համատեքստում:
«Մի քանի օր առաջ երեք համանախագահները Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Բոլորն աջակցում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ձեռք բերված համաձայնությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Արձանագրվել է առաջընթաց ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության, մի շարք հումանիտար խնդիրների լուծման գործում։ Մենք նախանշել ենք մի շարք ոլորտներ, որտեղ անհրաժեշտ են հավելյալ ջանքեր: Այդ առումով համանախագահների գործունեությունը շուտով կկենտրոնանա հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ՝ պայմաններ ստեղծելով տարածաշրջանի հայ և ադրբեջանցի համայնքների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու, կենցաղային խնդիրները կառուցողական փոխզիջումների ոգով լուծելու համար։
ԼՂ ՀԱՐՑԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ. ԱՐԴԵԼԵԱՆ
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- Ռումինիայում իշխող Ազգային լիբերալ կուսակցության փոխնախագահ Բեն-Օնի Արդելեանը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի առնչությամբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել: Պատգամավորը նշել է, որ պատերազմի հետևանքով Արցախում շատ պատմական ու կրոնական հուշարձաններ, այդ թվում և այնպիսիք, որոնք համարվում են քրիստոնեական ժառանգության կարևոր վայրեր, ոչնչացվել, վնասվել կամ վտանգվել են: Բեն-Օնի Արդելեանի կարծիքով՝ կողմերը պետք է վերսկսեն քաղաքական երկխոսությունը միջազգային միակ համաձայնեցված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հովանու ներքո: «Բրյուսելը պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հարավային Կովկասում, մասնավորապես կենտրոնանալով նախորդ տարվա ռազմական գործողությունների հումանիտար հետևանքների անհապաղ հաղթահարման ուղղությամբ»,- նշել է պատգամավորը:
ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԲԱՅՐԱՔԹԱՐ» ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶԻՆՈՒԺՈՒՄ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաջորդ տարի Թուրքիայից ձեռք կբերի «Բայրաքթար» անօդաչու սարքերի նոր խմբաքանակ՝ հայտարարել է պաշտպանության նախարարը: Ալեքսեյ Ռեզնիկովը նշել է, որ թուրքական կողմն օգտագործելու է ուկրաինական շարժիչներ՝ «Բայրաքթարը» վերազինելու համար, ուստի անօդաչուների նոր խմբաքանակը կլինի արտադրված Թուրքիայում, բայց դրանք կլինեն ուկրաինական և կծառայեն Ուկրաինայի զինված ուժերում: Հոկտեմբերի 26-ին Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ կիրառել են «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարք։
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ 100 ՀՈԳԱՆՈՑ ԽՈՒՄԲ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Ավելի քան 100 փախստականից կազմված խումբը հայտնվել է Լեհաստանի տարածքում՝ լեհ-բելառուսական սահմանին տեղակայված ինժեներական արգելապատնեշների մոտ՝ հայտարարել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը: Իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին սրվել էր նոյեմբերի 8-ին: Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից մի քանի հազար անօրինական փախստականներ բելառուսական կողմից մոտեցել էին Լեհաստանի հետ սահմանին: Նրանք ցանկանում են անցնել Եվրամիություն: