Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին Փարիզում իրենց գործընկերներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննակել են Հարավային Կովկասը: Ֆրանսիական կողմն անդրադարձել է նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի համատեղ գործողությունների անհրաժեշտությանը «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի» հասնելու համար: Ռուսաստանի արտգործնախարարությունն, ամփոփելով Ռուսաստանի գլխավոր դիվանագետի` Ֆրանսիա կատարած այցը, գրել է, որ Արցախի հարցի կարգավորման թեմային անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության համատեքստում: «Մի քանի օր առաջ երեք համանախագահները Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Բոլորն աջակցում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ձեռք բերված համաձայնությունը»,- նշված է հայտարարության մեջ:
«Արձանագրվել է առաջընթաց ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության, մի շարք հումանիտար խնդիրների լուծման գործում։ Մենք նախանշել ենք մի շարք ոլորտներ, որտեղ անհրաժեշտ են հավելյալ ջանքեր: Այդ առումով, համանախագահների գործունեությունը շուտով կկենտրոնանա հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ՝ պայմաններ ստեղծելով տարածաշրջանի հայ և ադրբեջանցի համայնքների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու, կենցաղային խնդիրները կառուցողական փոխզիջումների ոգով լուծելու համար»։
*****
Ռուսաստանի նախագահին վրդովեցրել է ԱՄՆ իշխանությունների արձագանքը՝ Դոնբասում անօդաչու կիրառելու մասին՝ Ուկրաինայի հայտարարությանը: Վլադիմիր Պուտինը նշել է՝ Ուկրաինայի նախագահը հաղորդում է, որ երկիրը Bayraktar է կիրառել, մինչդեռ հակամարտության գոտում անօդաչու սարքեր կիրառելն արգելվում է Մինսկի համաձայնագրերով: «Ոչ ոք նույնիսկ չի արձագանքել. Վաշինգտոնն աջակցություն է հայտնել, իսկ Եվրոպան ինչ-որ անհասկանալի բաներ ասել»,- նշել է Պուտինը:
*****
Իրավիճակը շարունակում է լարված մնալ Բելառուս-Լեհաստան սահմանին: Ժամեր առաջ Բելառուսն ավելացրել է զինված ուժերի քանակը Լեհաստանի հետ սահմանի երկայնքով: Լեհաստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ սահմանին` Կուզնիցայի անցակետի մոտ, փախստականների թիվը հասել է 1500-ի: «Փախստականների ճամբարն անընդհատ աճում է»,- ասել է նախարարը՝ պնդելով, որ ճամբարն ամբողջությամբ գտնվում է բելառուսական կողմի վերահսկողության ներքո: Մինսկը չի հրաժարվել եվրոպացի քաղաքական գործիչների հետ միգրացիոն ճգնաժամի կարգավորման վերաբերյալ երկխոսությունից՝ ասել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն և կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ են քննարկել հարցը: Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ դա շուտով տեղի կունենա։ Նա նաև նշել է, որ Լուկաշենկոն երբեք չի քննարկել Եվրոպա ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու հնարավորությունը։
*****
Լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակը մտահոգում է Վաշինգտոնին՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ու նշել, որ ուշադրությամբ հետևում են իրադարձությունների զարգացմանը: Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Բելառուսի գործողությունները Լեհաստանի հետ սահմանին: Ավելի վաղ Եվրամիությունը Բելառուսին մեղադրել էր իր նկատմամբ «հիբրիդային հարձակում» կազմակերպելու համար՝ առավելապես Մերձավոր Արևելքից հազարավոր փախստականների ուղղորդելով դեպի լեհ-բելառուսական սահման: ԵՄ-ում Մինսկի նկատմամբ նոր պատժամիջոցներ են նախապատրաստում:
*****
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Գերմանիային ծանր օրեր են սպասում. հայտարարել է կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը: Նա բոլորին կոչ արել պատվաստվել: Գերմանիայում վերջին շաբաթվա ընթացքում արագացված տեմպով աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Իշխանությունն սկսել է սահմանափակումներ կիրառել նրանց համար, ովքեր հրաժարվում են պատվաստվելուց: Իսկ Բրազիլիայի Սահմանադրական դատարանը գործատուներին թույլատրել է աշխատանքից ազատել չպատվաստվածներին: Դատավոր Լուիս Ռոբերտու Բարոզուի կարծիքով՝ չպատվաստված աշխատակիցների ներկայությունն աշխատավայրում կարող է վտանգավոր լինել մյուս աշխատակիցների, ինչպես նաև հաճախորդների առողջության համար: