Շուշիի անցակետի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո Արցախի քաղաքացին վերադարձվել է հայկական կողմին: Քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, այնտեղ էր տարվել անվտանգության նկատառումներից ելնելով:
Ըստ Արցախի իրավապահների, առավոտյան, ադրբեջանական սադրիչ գործողություններից հետո, հայ վարորդը պայթուցիկ սարք էր նետել ադրբեջանցիների անցակետի ուղղությամբ: Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակվել էր ու բացվել կարճ ժամանակ անց: Արցախի իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:
Արցախի ՄԻՊ-ը ևս պնդում է՝ ադրբեջանական կողմից եղել են սադրիչ գործողություններ: Գեղամ Ստեփանյանն ասում է՝ հարցի իրավական կողմը պետք է թողնել համապատասխան մարմիններին, տեղի ունեցածն էլ դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում ստեղծված իրավիճակի համատեքստում:
Դեպքի հետևանքով Արցախի քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան: Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը և դատախազությունը հայտնեցին, թե իբրև միջադեպի հետևանքով ադրբեջանցի 3 զինվորական վիրավորվել է, այնինչ տարածված կադրերում հստակ երևում է, որ պայթյունից ոչ ոք չի տուժում:
Շուշի քաղաքի մոտակայքում այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ միջադեպն է գրանցվում: Նոյեմբերի 8-ին ադրբեջանական կողմը կրակել էր ջրատար խողովակների վրա աշխատանքներ իրականացնող արցախցիների ուղղությամբ, որի հետևանքով սպանվել էր 22 տարեկան երիտասարդ, վիրավորվել էին 31, 41 և 43 տարեկան տղամարդիկ:
Քաղաքացիական անձի սպանության ևս մեկ միջադեպ էլ գրանցվել էր հոկտեմբերի 9-ին: Ադրբեջանցիների կրակոցից զոհվել էր Մարտակերտի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տղամարդ: Ըստ վկայությունների, նա սկզբում հրաժարվել էր վարել գյուղտեխնիկան, սակայն ռուս խաղաղապահներից երաշխիքներ ստանալուց հետո նստել էր տրակտորի ղեկին, ու միջադեպը տեղի էր ունեցել հենց ռուս խաղաղապահի ներկայությամբ:
Վերադառնալով այսօրվա միջադեպին՝ օրվա երկրորդ կեսին արդեն Արցախի քննչական կոմիտեն հայտնեց, որ ադրբեջանցի զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: