Կարի մեքենայի ձայնը Սյունիքի Շիկահող է վերադառնում: Խորհրդային տարիների տեքստիլի արտադրության ավանդույթն է վերականգնվում:
Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ջանքերով, Կառավարության ֆինանսավորմամբ, Շիկահողում կարի արտադրություն հիմնելու նպատակով շուրջ 150 հազար դոլար է ներդրվել:
Ռոբերտ Ղուկասյան (ՀՀ վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար) - Այսօր արդեն ունենք 14 աշխատատեղ և կնքվող պայմանագրեր:
Նորաբաց կարի արտադրամասի հետ առաջին հուշագրերն են կնքվում: Երեքից մեկը շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեից է:
Մարզի 178 աշխատակցի համազգեստի պատվերն է վստահվում: Խնդրեմ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համազգեստի և տեխնիկական բնութագրի մասով, շնորհակալ կլինենք արագ գնառաջարկ ստանալու համար:
Պատվեր լինի-չլինի՝ նորաբաց արտադրամասում գործ կունենան: Կառավարությունը ծրագրի շարունակականությունը ապահովելու նպատակով մեկ տարվա աշխատավարձի ֆոնդն է ապահովել:
Ռոբերտ Ղուկասյան - Մեկ տարին նվազագույն աշխատավարձի չափն է սահմանված, հետագան կապված կլինի՝ ինչքան արտադրանք կտան, բայց մենք ակնկալում ենք, որ մեկ տարի հետո բավական մեծ աշխատավարձի մասին կխոսենք:
Նման ծրագրեր Սյունիքի այլ համայնքներում էլ կլինեն: Կարևոր է, որ սահմանամերձ գյուղերում՝ գյուղատնտեսությանը զուգահեռ, նաև այլընտրանքային աշխատանք լինի՝ արձանագրում է էկոնոմիկայի նախարարի տեղակալը:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Այսօր ստորագրվեցին հուշագրեր հիմնավոր բիզնես սկսելու համար, սակայն այսքանով չենք սահմանափակվելու, եթե Շիկահողի մեր համագյուղացիները կարողանան՝ այլ պատվերներ էլ կուղարկենք:
Սա կարևոր պայման է սահմանին տուն-տեղ պահելու համար՝ կարի արտադրամասում աշխատանքի անցած շիկահողցիների գնահատականն է: