Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղի Մարտիրոսյանների տանը համագյուղացիներն ու հարևան գյուղի բնակիչները փնտրում էին գայլերի ոհմակի հարձակման հետևանքով վնասված ու հոշոտված ոչխարներին: Գայլերի ոհմակը 280 ոչխարից 170-ին հոշոտել է:
Մարտիրոսյան 3 եղբայրները ոչխարները գնել էին գյուղատնտեսական վարկով: Այս պահին դեռևս պարզվել է, որ սատկած 170 ոչխարից 140-ը մայրացու էր, 30-ը՝ գառներ: Ընտանիքը հասցրել էր գնել նաև ոչխարների ձմռան խոտը:
Ոչխարները, որոնք գայլերի հարձակման հետևանքով չեն սատկել, այնպես են վնասվել, որ մորթի ենթակա են՝ ասում է Դավիթ Մարտիրոսյանը: Հոշոտված ոչխարներին չեն մորթել՝ միսը վտանգավոր է, դեռևս պիտանիներին փորձում են արագ մորթել ու միսը վաճառել, որ վնասն ինչ-որ կերպ մեղմեն, բայց կան ծանր վիճակում անասուններ, որոնք, ամենայն հավանականությամբ, մինչև գիշեր կսատկեն:
Մարտիրոսյան ընտանիքն այս պահին ծանր կացության մեջ է, ու ոչ միայն իրենք, այլ իրենց փոխարեն համագյուղացիներն են խնդրում պատկան մարմիններին ինչ-որ կերպ աջակցել: Համագյուղացիները պնդում են՝ մոտ 20 գայլ են տեսել, ասում են՝ գյուղում նման հարձակում առաջին անգամ էր:
Հեղինակ՝ Անի Օհանյան