2021 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 609775 զբոսաշրջիկ: Սա 285714-ով կամ 88.2 տոկոսով ավելի է 2020-ի համադրելի ժամանակահատվածի ցուցանիշից՝ հիմնականում պայմանավորված նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով կիրառված սահմանափակումներով:
2019-ի ինն ամիսներին Հայաստան էր ժամանել 1 մլն 459152 զբոսաշրջիկ: Այսինքն՝ ըստ էության, 2021-ի ինն ամսում հնարավոր է եղել 41.8 տոկոսով վերականգնել 2019-ի ցուցանիշը:
Ընդհանուր կառուցվածքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների 39 տոկոսը Ռուսաստանի քաղաքացիներ են, 20.6 տոկոսը՝ սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները, 11.3 տոկոսը Իրանից է ժամանել, 6.8 տոկոսը՝ Վրաստանից, 4 տոկոսը՝ ԱՄՆ-ից, 2.6 տոկոսը՝ Ուկրաինայից, 2.5 տոկոսը՝ Հնդկաստանից, 1.7 տոկոսը՝ Ֆրանսիայից, 1.3 տոկոսը՝ Գերմանիայից, 1 տոկոսը՝ Նիդերլանդներից: Այլ երկրների տեսակարար կշիռը համեմատաբար փոքր է, և 32-ից ավելի երկրների ընդհանուր ցուցանիշը կազմում է 9.2 տոկոս:
Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - Սա լավ է այն իմաստով, որ Հայաստանը կարծես թե մնում է աշխարհում, համաշխարհային շուկայում գոնե ցանկալի երկիր, փոքր իմաստով: Սա վերականգնման գործընթացի որոշակի արթնանալու նշաններ են: Սա դեռ չենք կարող ասել, որ այսպես վերականգնման կայուն գործընթաց ունենք, բայց թվերը, իհարկե, առնվազն հուսադրող են:
Ռուսաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները «Լուրերի» հետ զրույցում հայտնեցին, թե ինչու են նախընտրել հենց մեր երկիրը:
Մասնագետների գնահատմամբ՝ առկա ցուցանիշները նախորդ տարվա ճգնաժամային վիճակի համեմատ դրական են, սակայն կորոնավիրուսը որոշակիորեն խանգարում է ավելի լավ ցուցանիշներ ունենալուն:
Կարեն Սարգսյան (տնտեսագետ) - Հիմնականում գերակշիռ են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների այցը, Իրանի Իսլամական Հանրապետության, այսինքն՝ այն պետությունների, որոնց հետ այդպես խիստ սահմանափակումներ, սահմանային հսկողության չեն կիրառվել, և, ըստ այդմ՝ կառուցվածքը այդպիսին է:
Միևնույն ժամանակ Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը տղամարդիկ են եղել (361557)՝ 59.3 տոկոս, կանայք կազմել են (248118) այցելուների 40.7 տոկոսը: Իսկ տարիքային առումով մեծամասնություն են կազմում 36-63 տարեկանները. Նրանց թիվը 306550 է կամ ընդհանուր զբոսաշրջիկների 50.3 տոկոսը:
Ի տարբերություն ներգնա զբոսաշրջության ցուցանիշի, որ կորոնավիրուսի հասցրած վնասից հետո բավականաչափ աճել է, Հայաստանից մեկնածների թվի աճը մեծ չէ: Այս տարվա ինն ամսում Հայաստանից որպես զբոսաշրջիկ այլ երկիր են գնացել 290036 մարդ, ինչը 5090-ով կամ 1.8 տոկոսով է ավելի 2020-ի համադրելի (284946) ցուցանիշից, սակայն 1 մլն 22246-ով կամ շուրջ 78 տոկոսով պակաս է 2019-ի ցուցանիշից:
Մեխակ Ապրեսյան - Զգալի ազդեցություն թվերի վրա ունենում է Վրաստան այցելությունների էական նվազումը, ես կասեի՝ համարյա դեպի Վրաստան էս ժամանակահատվածում, համենայնդեպս, չկա, շատ քիչ ա, որովհետև փակ ա, չէ՞, նաև եղել:
Կարեն Սարգսյան - Արտագնա տուրիզմի հետ կապված, քանի որ ինչպես նշեցի՝ բազմաթիվ երկրներ դեռևս սահմանափակումներ կիրառում են, նաև թույլտվության տրամադրումը դեսպանատների կողմից ժամանակավորապես դադարեցված է, և այս պահին, բացառությամբ գործուղման հետ կապված, ասենք՝ շտապ ինչ-որ դեպքերի, տուրիստական զբոսաշրջային հանգիստ կազմակերպելը այդ երկրներում բավական խնդրահարույց է:
Համադրելով առկա տվյալները՝ կարող ենք ասել, որ այս տարի ինչ-որ չափով հաջողվել է վերականգնել ներգնա զբոսաշրջությունը, սակայն արտագնա զբոսաշրջության առկա տվյալները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիները սկսել են անհամեմատ ավելի քիչ այցելել արտերկիր հանգստի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան