Նոյեմբերի 8-ից քովիդի դեմ պատվաստումների գործընթացում թղթաբանության կարիք այլևս չկա: Ամբողջն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով՝ «Արմեդ» համակարգի հավելվածի միջոցով: Իսկ նախկինում...
Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Պացիենտը գալիս էր, կանգնում էր հերթ, մատենավարման բաժնում ստանալով իր անկետան, դրանից հետո դիմում էր բժշկին, բժշկի գրառումից հետո դիմում էր իմուն-կաբինետ, իմուն-կաբինետում կատարվում էր համապատասխան գրառումը փաստաթղթի մեջ՝ անկետայի, և ստանալով պատվաստումը, գնում էր տուն, իսկ դրանից հետո այդ ամբողջ տվյալները նոր օպերատորի կողմից ներբեռնվում էր համակարգ:
Այժմ արդեն թղթային անկետայի կարիք չկա, և պատվաստվելու եկած անձը մատենավարման բաժնում հերթ չի կանգնում: Միանգամից մոտենում է բժշկին, բժիշկը պարզեցված տարբերակով էլեկտրոնային անկետա է լրացնում, այնուհետև այցելուն իմուն-կաբինետում ստանում է պատվաստումը, որտեղ էլ բուժքույրը անմիջապես համապատասխան նշում է անում:
Արտակ Ջումայան - Այսինքն՝ պացիենտը արդեն իմուն-կաբինետից դուրս գալիս ինքը արդեն իր հավելվածի մեջ ունենում է QR կոդ:
Երևանի համար 17 պոլիկլինիկայի տնօրենն ասում է՝ նախկինում 3-4 օր էր տևում, մինչև տվյալները մուտքագրվում էին էլեկտրոնային համակարգ: Հետո այդ ժամկետը սահմանափակվեց մինչև 24 ժամ, և օպերատորները հաճախ ստիպված էին լինում նաև տանը աշխատել: Հիմա, փաստորեն, գործը միանգամից է արվում: Սաթենիկ Բադալյանը իր ղեկավարած հաստատության օրինակով փաստում է՝ պատվաստումների գործընթացը էապես հեշտացել ու արագացել է, հերթերն էլ՝ կրճատվել:
Սաթենիկ Բադալյան (Երևանի համար 17 պոլիկլինիկայի տնօրեն) - Ամսի 8-ին՝ 324 պատվաստում, ամսի 9-ին՝ 326 և երեկ 359 պատվաստում է կատարվել պոլիկլինիկայում: Թղթային տարբերակի դեպքում թվերը ավելի ցածր էին լինում, մոտավորապես 10 տոկոս աշխատունակությունը բարձրացել է, դե, գիտեք, նոր է համակարգ ներդրվում, ես վստահ եմ, որ մի քանի օր հետո շատ ավելի բարձր ցուցանիշներ կունենանք:
Քովիդի դեմ երկրորդ պատվաստումը ստանալու եկած քաղաքացիներն արդեն համեմատում ու գնահատում էին նախորդի հետ տարբերությունը: Առաջին անգամ պատվաստվողներն էլ արձանագրում էին՝ մեծ հերթեր չկան:
Պոլիկլինիկայից արդեն դուրս գալու պահին քաղաքացիները հեռախոսում ունեին ամբողջությամբ պատվաստված լինելը հավաստող QR կոդ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան