ՀՀ պետական բյուջեի միջոցներով ամբողջությամբ վերականգնվել են Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի երկու փլվածքները, որոնք վերջին տարիներին առաջացել էին Սևանա լճի ջրերի բարձրացման հետևանքով։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, միջպետական նշանակության ավտոճանապարհի փլվածքներն առաջացել էին Շողակաթ և Ծափաթաղ գյուղերի հատվածներում։ Ավտոճանապարհի Շողակաթի հատվածում փլվածքի երկարությունը կազմում էր 730 գծամետր։
Փլվածքի վերականգնման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել էր 80,8 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա վերջերից և ավարտվել են այս տարվա հոկտեմբերին։ Կատարվել է գաբիոնային շարվածք, ամբողջ երկարությամբ տեղադրվել է մետաղական արգելապատնեշ։
Ծափաթաղի հատվածում փլվածքն ուներ 400 մետր երկարություն, որի վերականգնման համար պետական միջոցներից հատկացվել էր 335 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին այս տարվա հուլիսից և ավարտվել հոկտեմբերի վերջերին։
Կատարվել է կողնակների հողային լիցք, շուրջ 2 հազար խորանարդ մետր գաբիոնային շարվածք, 400 գծամետր երկարությամբ և 3486 քառակուսի մետր մակերեսով տեղադրվել է երկշերտ ասֆալբետոնյա ծածկ։ Փլվածքի ամբողջ երկայնքով տեղադրվել է արգելապատնեշ։
Շինարարական աշխատանքները Շողակաթի հատվածում իրականացրել են «Արտաշես և Տաթևիկ», Ծափաթաղի հատվածում՝ «ՎՄՎ-Քամփնի» ընկերությունները։