ԱՄՆ-ը խիստ մտահոգված է լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակով, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը, փոխանցում է Reuters-ը:
«Մենք խիստ մտահոգված ենք Բելառուսի և Լեհաստանի սահմանին տիրող իրավիճակով և ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,- ասել է Հարրիսը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Բելառուսի գործողությունները Լեհաստանի հետ սահմանին:
Ավելի վաղ Եվրամիությունը Բելառուսին մեղադրել էր իր նկատմամբ «հիբրիդային հարձակում» կազմակերպելու համար՝ առավելապես Մերձավոր Արևելքից հազարավոր փախստականների ուղղորդելով դեպի լեհ-բելառուսական սահման: ԵՄ-ում Մինսկի նկատմամբ նոր պատժամիջոցներ են նախապատրաստում:
Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին հայտարարել էր, որ լեհ-բելառուսական սահմանին փախստականների թիվը հասել է 1500-ի՝ հավելելով, որ Վարշավան դիտարկում է Բելառուսի հետ սահմանին երկաթուղային հաղորդակցությունը փակելու հարցը: