Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այդ մասին նշել է Ռումինիայում իշխող Ազգային լիբերալ կուսակցության փոխնախագահ, խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Բեն-Օնի Արդելեանը 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի առնչությամբ Ֆեյսբուքի իր էջի գրառման մեջ:
Պատգամավորը նշել է, որ պատերազմի հետևանքով Արցախում բազմաթիվ պատմական ու կրոնական հուշարձաններ, այդ թվում՝այնպիսիք, որոնք համարվում են քրիստոնեական ժառանգության կարևոր վայրեր, ոչնչացվել, վնասվել կամ վտանգվել են: Բեն-Օնի Արդելեանի կարծիքով՝ կողմերը պետք է վերսկսեն քաղաքական երկխոսությունը միջազգային միակ համաձայնեցված ձևաչափով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հովանու ներքո:
«Բրյուսելը պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա Հարավային Կովկասում՝ կենտրոնանալով, մասնավորապես, նախորդ տարվա ռազմական գործողությունների հումանիտար հետևանքների անհապաղ հաղթահարման ուղղությամբ»,- նշել է պատգամավորը: