Լավ գործարքի կնքումը պահանջում է պատժամիջոցների չեղարկում և կողմերի լիակատար վերադարձ իրենց պարտավորություններին։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Համոզված եմ, որ եթե բանակցող կողմերը Վիեննայում կառուցողական և լուրջ մոտեցում ցուցաբերեն, ապա հնարավոր է կարճաժամկետ հեռանկարում լավ համաձայնության հասնել։ Իրանը չի պատրաստվում մնալ փակուղում, որը ստեղծվել է բանակցությունների նախորդ փուլերում»,- նշել է նա:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու վերաբերյալ 5+1 ձևաչափով (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան, ԱՄՆ) բանակցություններն ընթանում են ապրիլից՝ Վիեննայում: Հերթական փուլի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 29-ին։